Երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում. Չինաստանի դեսպանը՝ Սասուն Խաչատրյանին
copy image url

Երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում. Չինաստանի դեսպանը՝ Սասուն Խաչատրյանին

Ներքին 2 տարի առաջ - 12:20 23-02-2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին:

Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով:

Միաժամանակ Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը:

Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող խիստ և հետևողական պայքարին՝ դեսպան Ֆան Յոնը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցային միջավայր, ուստի շատ լավ կլինի, եթե կողմերը փորձեն ամրապնդել համագործակցությունը նաև իրավապահ ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների կառավարություններն էլ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտ կամք և վճռականություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանն ու կարևորությանը: Սասուն Խաչատրյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացնելով օպերատիվ ծառայողների կարողությունների զարգացումն ու հակակոռուպցիոն միջոցառումներում նորագույն մեթոդների կիրառումը, հույս է հայտնել, որ չինացի գործընկերները նույնպես կարող են աջակցել այդ հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի