ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է։ Իշխանականները պնդում են, որ ժողովրդավարությունն իրենց կառավարման ամենաառանցքային ձեռքբերումն է՝ տպավորություն ստեղծելով, որ նախքան 2018 թվականը ՀՀ-ն եղել է բռնատիրական երկիր, ինչպիսին օրինակ Ադրբեջանն է, Թուրքիան կամ օրինակ Հյուսիսային Կորեան։ Այլ հարց է, թե այս հավաստիացումները որքանով են իրականությանը համապատասխանում, սակայն հանրության որոշ շրջանակներ դեռևս հավատում են դրանց, ինչի մասին փաստում են բոլոր սոցհարցումների միջինացված արդյունքները։
Ընթացիկ շաբաթը մեկնարկեց կառավարության անդամների և ուժային կառույցների ղեկավարների անդամների հրաժարականների շքերթով։ Փաշինյանը խոստովանեց, որ այս գործում «իր մատը խառն է եղել», ու հենց ինքն է խնդրել պաշտոնյաներին հրաժարականներ ներկայացնել։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ուրբաթ՝ սափրվելուց ընդամենը 1 օր անց կայացած կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկել դատական և ուժային կառույցների ղեկավարներին, նշել՝ իրականացվող բարեփոխումների արդյունքները չի տեսնում։ «Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր կառավարության ղեկավարը՝ իրեն համեմատելով քյասիբի ռադիոյի հետ։
Փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ այս պաշտոնանկությունները հաջորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկն էին։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է գոլորշի բաց թողնել՝ հանրության շրջանում տպավորություն ստեղծելով, որ կառավարության ձախողումների և հանրությանը տրված խոստումները չկատարելու մեջ մեղավոր է ոչ թե ինքը, այլ իր կաբինետի անբարեխիղճ պաշտոնյաները, ինչի համար էլ վերջիններիս հորդորել է հրաժարական ներկայացնել և թողնել զբաղեցրած պաշտոնները։
Պաշտոնակությունների մասին մամուլը գրել էր դեռևս կիրակի օրը՝ նշելով, որ Փաշինյանը Whatsupp հավելվածով հաղորդագրություն ուղարկել պատգամավորներին և հորդորել հրաժարական ներկայացնել։ Մամուլը նաև հայտնել էր, որ կառավարության անդամներից և ուժային կառույցների ղեկավարներից բացի առաջիկայում մանդատները վայր կդնեն նաև ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը՝ հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ-ում Քյարամյանի և Աղազարյանի վեճը քիչ էր մնում ծեծկռտուքի վերածվեր, որից հետո վերջինս քննադատել էր ՔԿ արդեն նախկին նախագահին՝ պատգամավորների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։ Զեյնալյանը ևս քննադատել էր Քյարամյանի պահվածքը՝ ընդգծելով, որ անընդունելի է պատգամավորների հետ նման տոնով և ժեստիկուլյացիայով խոսելը։
Մամուլում տարածված լուրերն անուղղակիորեն հաստատեց նաև ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ միջադեպից հետո կուսակցության վարչությունում հարուցվել է կարգապահական վարույթ, որը քննարկման փուլում է։ Պատգամավորներից մեկը՝ Նարեկ Զեյնալյանը, չսպասեց «վարույթի» ավարտին և արդեն երեկ հրաժարվեց իր մանդատից՝ չհստակեցնելով՝ Փաշինյա՞նն է իրեն խնդրել հեռանալ, իսկ Հովիկ Աղազարյանը թեպետ հայտարարում էր, որ մտադիր չէ մանդատից հրաժարվել, սակայն նա վկայի կարգավիճակով հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության, և չի բացառվում, որ նա նույնպես առաջիկայում վայր կդնի իր պատգամավորական մանդատը։
Արդեն երեկ երեկոյան կայացավ ՔՊ վարչության հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։ Ենթադրվում է, որ կարգապահական բնույթի հարցերը վերաբերվում են արդեն միայն Հովիկ Աղազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, ու ՔՊ վարչությունն ըստ էության քննարկել է՝ իշխանական պատգամավորը պե՞տք է վայր դնի իր մանդատը, թե ոչ։
Եթե կառավարության անդամների և ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները ինչ-որ առումով տեղավորվում են խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունների մեջ, ապա նույնը չենք կարող ասել իշխանական խմբակցության պատգամավորների դեպքում, որոնց նկատմամբ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի Հանրապետության կառավարող խմբակցությունը «կարգապահական վարույթ» է հարուցել ու քննարկում է նրանց պաշտոնակության հարցը։ Անկախ այն հանգմանքից, որ ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ու նրա վարկանիշով, այնուամենայնիվ պատգամավորն օժտված է առաջնային մանդատով և անգամ Փաշինյանը իրավունք չունի խնդրել կամ պարտադրել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց մանդատներից։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածով Ազգային ժողովի պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, վերջինս կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Փաստացի ստացվում է, որ կուսակցության վարչության նիստերում պատգամավորների հետագա պաշտոնավարման հարցը քննարկելով՝ ՔՊ-ն կաշկանդում է խմբակցության մյուս պատգամավորներին, ինչպես նաև հերթական անգամ խախտում է ՀՀ մայր օրենքը։ Կարծիքներ կան, որ Հայաստանում անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ կատարել ու մայր օրենքում ամրագրել, որ պատգամավորները կաշկանդված են կուսակցական մանդատով։
Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում գործող կառավարման խորհրդարանական համակարգն իրականում պատրանք է և առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ ԱԺ-ի իշխանական խմբակցության պատգամավորները հաշվետու են ոչ թե իրենց քաղաքական ուժի օգտին քվեարկած շուրջ 680 հազար քաղաքացիներին, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին, ում շնորհիվ հայտնվել են խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանի գործող Սահմանադրությունը համարում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում, այժմ ոչ միայն շատ հարմար տեղավորվել է դրա մեջ ու չի ցանկանում հրաժարվել դրանցից, այլև այն վերջին տարիներին հարմարացրել է իրեն, իսկ հանրությունից «իրավունքի դիկտատուրա» հաստատելու նպատակով ստացած պողպատե մանդատը նա կիրառում է բացառապես Whatsupp-ում՝ ՔՊ-ական պաշտոնյաների ու պատգամավորների դեմ։
Դավիթ Գույումջյան