Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց զգան որպես արտոնյալ. ՄԻՊ
copy image url

Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց զգան որպես արտոնյալ. ՄԻՊ

Ներքին 5 ամիս առաջ - 14:09 15-11-2024
Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ պետք է արձանագրեմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց զգան որպես արտոնյալ, ընդ որում՝ կապ չունի՝ նրանք երիտասարդներ են, նախկին կամ ներկա իշխանության ներկայացուցիչներ: Այս մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք նա տեսնում է խնդիրներ, որոնց մասին մատնանշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում, Մանասյանը տվեց դրական պատասխան:

Նրա խոսքով՝ ինքը պետական իրավասու մարմիններին բազմիցս՝ թե՛ գրավոր և թե՛ բանավոր, հաղորդակցել է տարբեր տեսակի խնդիրներ՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում ստացված տեղեկատվության հետ, ընդգծեց՝ որոշ խնդիրներ այն աստիճանի են հասել, որ ստիպված է եղել հարցերի հետ կապված հանդես գալ հրապարակավ հայտարարություններով:

Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը խնդիրներ տեսնո՞ւմ է ուժային կառույցների աշխատանքում, պատասխանեց՝ պետական մարմինների գործունեության տարբեր խնդիրների պարբերապար անդրադառնում է թե՛ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող խնդիրների, թե՛ գործերի քննությանը վերաբերելի տարբեր հարցերի, որոնք ունեն շատ արագ հասցեավորման անհրաժեշտություն:

Հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ է կառավարման խնդիր, որի մասին վարչապետն էր մատնանշել, Մանասյանը նշեց՝ հարցին կարող է պատասխանել միայն իր մանդատի շրջանակում:

«Տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում եմ պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակասի խնդիր, որի առնչությամբ անընդհատ խոսել եմ և հիմա էլ եմ խոսում ու արձանագրում: Կարծում եմ՝ խնդիրների մի մասը բխում է հենց այն հանգամանքից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ ոլորտներում, և պետք է աշխատենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Ես հիմա խոսում եմ համակարգերի մասին: Ինստիտուցիոնալ առումով խնդիրներ կան»,- ընդգծեց Անահիտ Մանասյանը: