2020-ի պատերազմից ու 2023-ի բռնագաղթից հետո սգավոր, վշտակյաց կանայք ու մայրերը շատացել են։ Նրանց դեմքին ժպիտ պարգևելու, մի պահ երջանկացնելու լավ առիթ է Ապրիլի 7-ը։ ՔՊ-ական ատելության քարոզի տակ հաճախ են ընկնում են նաև կանայք, դառնում ՔՊ-ական մանիպուլյացիաների գործիք։ Ապրիլի 7-ը լավ առիթ է միավորելու նրանց մեկ ընդհանուր առաքելության՝ մայրանալու շուրջ։ Ապրիլի 7-ը կարող է նաև նպաստել հանրային համերաշխությանը, որն անիրական բան է թվում Փաշինյանի աղետալի սխալների պատճառով։
Ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը սուրբ Աստվածածնի ավետման օրն է: Համաձայն Աստվածաշնչյան գրերի, Ապրիլի 7-ին պահապան հրեշտակն Աստվածամորը հայտնել է, որ նա 9 ամսից կմայրանա: Ապրիլի 7-ին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրանալու սպասող կանանց օրհնության օր: Դարեր շարունակ այս օրը Հայաստանում և Սփյուռքում նշվել է իբրև կնոջ, մոր, գեղեցկության օր: 1995-ից Ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում և նշվում է՝ որպես մայրության ու գեղեցկության օր: Ապրիլի 7-ը կանանց, մայրերի հանդեպ սեր արտահայտելու, ինչպես նաև մայրության պաշտամունքը ամատավորելու համար է։
Հակամարդասիրական գաղափարախոսություններ տարածող համակարգերը մայրերի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը ընդունում են որպես մարտահրավեր: Օրինակ՝ Ապրիլի 7-ը 70 տարի մոռացության էր մատնված, իսկ դասագրքում առանձնակի մանրամասնությամբ մեկնաբանվում է Րաֆֆու հայտնի վեպի հերոսի մորը սպանելու դրվագը, ինչպես նաև Կապուտիկյանի «Թե մորդ անգամ մտքիցդ հանես» տողը: Դա միտումնավոր արվում էր, որպեսզի մարդը անխոչընդոտ ընդունի աստվածամերժ, հակամարդասիրական գաղափարները:
Այդ ժամանակներում մայրերի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը պահպանվում էր ոչ քաղաքական ղեկավարության, այլ հասարակության որոշ ավանդապահ շերտերի և լուսավոր անհատների կողմից: Իսկ 1995-ին վերականգնվեց Ապրիլի 7-ը, ինչպես նաև եկեղեցիներում վերականգնվեց ապրիլյոթյան պատարագը: Վերականգնվեց մոր նկատմամբ վերաբերմունքը: Մայրանալը կրկին համարվեց կնոջ ամենամեծ առաքելությունը:
Հարկ է չմոռանալ, որ մայրն է մարդու առաջին ու գլխավոր դաստիարակը, արժեքներ սերմանողը։ Այս առումով՝ մայրերը հասարակության և պետության գոյության բարոյական երաշխավորն են։ Մորը որպես սրբություն ընդունելը բնական է, բանական և բարոյական, ինչպես նաև՝ ազգային անվտանգության խնդիր է: Այն ժողովուրդները, որոնք մայրերին որպես սրբություն չեն ընդունել, կորցրել են մարդկային դեմքը, այլասերվել, վերացել, ջնջվել:
Երբ մայրերը զգան, որ սրբություն են, առավել մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց կարևոր առաքելությանը՝ արժեքների արմատավորմանը։ Դրա արդյունքում՝ հասարակաությունը մեծ ուշադրություն կդարձնի արժեքների պահպանմանը։ Արժեքներով առաջնորդվողնեը չեն կարող վատ մարդկանց ընտրել քաղաքական բարձր պաշտոնների։ Արժեքներով առաջնորդվողները նաև օրինապահ, կարգապահ են։ Այսինքն՝ մայրերին սրբորեն վերաբերվելը ոչ միայն ազգային անվտանգային, այլև քաղաքական առաջընթացի և ներքին խաղաղության գրավականներից մեկն է։
Պարզ ասած՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, մեծ ու փոքր հեղինակությունները պետք է ջանք թափեն, որպեսզի մայրերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը բարձրացնեն սրբության մակարդակի: Դա ամենևին չի նվազեցնի տղամարդու դերը, այլ ընդամենը մոր նկատմամբ բնական զգացմունքները բանական սկզբունքի կվերածվի, կապահովվի հասարակության, պետության առաջընթացն ու արժեքների պահպանման ամենամեծ ջատագովությունը։
Թաթուլ Մկրտչյան