Ամենաթանկն ու անհարմարը՝ տարածաշրջանում և ԱՊՀ-ում․ երևանյան տրանսպորտի անտանելի ծանրությունը
copy image url

Ամենաթանկն ու անհարմարը՝ տարածաշրջանում և ԱՊՀ-ում․ երևանյան տրանսպորտի անտանելի ծանրությունը

Ներքին 5 ամիս առաջ - 12:00 15-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանը համառորեն շարունակում է «տրանսպորտային բարեփոխումները», որոնք մայրաքաղաքում իսկական կոլապես են ստեղծել։ Հանրային տրանսպորտից օգտվելու համար երևանցիները ստիպված են 100 դրամանոցներ ունենալ, որոնք կարծես հոդս են ցնդել, կամ էլ ստիպված են ուղետոմս գնել «Telcell» ընկերության տերմինալների կամ բջջային հավելվածի միջոցով։

Նախորդ 2 շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի ունեցած խափանումներից հետո պարզ դարձավ, որ հիշյալ ընկերությունը ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանի բնակչությանը սպասարկելու համար բավարար ենթակառուցվածքներ չունի։ Դատելով ստեղծված իրավիճակից՝ կարծում ենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո, երբ համակարգը կգործի 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ, ստեղծված ճգնաժամն էլ ավելի կխորանա։

Քաղաքապետարանի «բարեփոխումները» այսքանով չեն սահմանափակվում․ երևանցիների վստահության քվեն չվայելող, սակայն քաղաքական անասնագողությամբ մայրաքաղաքում իշխանություն ձևավորած քաղաքական ուժերի որոշմամբ հաջորդ տարվա սկզբից հանրային տրանսպորտի ուղեվարձը գրեթե կեռապատկվի՝ 1 ուղևորության համար ներկայիս 100 դրամից դառնալով 280/300 դրամ։ Որպես այլընտրանք՝ քաղաքապետարանն առաջարկում է օգտվել մեկամսյա, եռամսյակային կամ տարեկան փաթեթներից, որոնց դեպքում 1 ուղևորության արժեքը մի փոքր ավելի էժան է, սակայն դրանք նույնպես բավականին խնդրահարույց են, իսկ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իրեն չի կարող նման շռայլություն թույլ տալ։

Օրերս «Հայաքվե» նախաձեռնությունը պարզել է, որ հունվարի 1-ից հետո, երբ տրանսպորտի ներկայիս սակագինը բառացիորեն կեռապատկվի, Երևանը 1 ուղևորության համար նախատեսված 280/300 դրամ սակագնով կդառնա ամենաթանկ տրանսպորտային ծառայություններ մատուցող մայրաքաղաքը՝ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ ԱՊՀ տարածքում։ Մասնավորապես՝ Տաշքենդում 1 ուղևորությունն արժե 60 դրամ, Կիևում՝ 75, Ալմաթիում՝ 86, Մինսկում՝ 106, Բաքվում՝ 113, Քիշնևում՝ 133, Թբիլիսիում՝ 140, Ստամբուլում՝ 226, իսկ Մոսկվայում 275։

Հիշյալ մայրաքաղաքներում քաղաքացիներին մատուցվող տրանսպորտային ծառայություններն անհամեմատ ավելի բարձ որակ ունեն՝ ի տարբերություն Երևանի, որտեղ աշխատանքի շտապող և տուն վերադարձող քաղաքացիները ժամերով ստիպված են լինում սպասել կանգառներում ու մի քանի ավտոբուս բաց թողնել, որպեսզի մի կերպ կարողանան բարձրանալ գերծանրաբեռնված ավտոբուսներ ու տուն հասնել։ Ավելին՝ մի շարք քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում կանգնած ուղևորներ չեն լինում, վարորդները պարզապես նրանց թույլ չեն տալիս բարձրանալ ավտոբուսներ, մյուս քաղաքների հասարակական տրանսպորտում եթե անգամ լինում են կանգնած ուղևորներ, ապա նրանց թիվը շատ քիչ է, իսկ ավտոբուսներում տիրող իրավիճակն երևանյան տրանսպորտում տիրող իրավիճակի անգամ համեմատության եզրեր չունի։

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը իր համախառն ներքին արդյունքով հիշյալներից միայն երկուսին՝ Տաջիկստանին ու Մոլդովային է գերազանցում, իսկ մյուսներին անհամեմատ զիջում է։ Համաշխարհային բանկի հրապարարակ տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կամզել է 24․212 դոլար, որով մեր երկիրը աշխարհում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը։ Այս համատեքստում Տաջիկստանը 146-րդն է՝ 12․061 դոլար, Մոլդովան՝ 131-րդը՝ 16․539 դոլար, Վրաստանը՝ 108-րդը՝ 30․536 դոլար, Բելառուսը՝ 84-րդը՝ 71․857 դոլար, Ադրբեջանը՝ 83-րդը՝ 72․356 դոլար, Ուկրաինան՝ 57-րդը՝ 178․757 դոլար, Ղազախստանը՝ 50-րդը՝ 261․421 դոլար, Թուրքիան՝ 18-րդը՝ 1․108․022 դոլար, իսկ Ռուսաստանը 11-րդը՝ 2․021․421։

Այսպիսով՝ եթե Երևանի քաղաքապետարանի սահմանած տրանսպորտային սակագներն ուժի մեջ մտնեն, ապա այդ դեպքում Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտը ոչ միայն բացարձակ արժեքով ավելի թանկ կլինի, քան տարածաշրջանի ու աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այլև քաղաքացիների համար լուրջ սոցիալական բեռ կստեղծի։ Երևանում հանրային տրանսպորտից օգտվում են միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, ովքեր անգամ ներկայիս 100 դրամ ուղեվարձն են մեծ դժվարությամբ վճարում, իսկ բնակչության այն շերտերը, որոնք կարող են իրենց թույլ տալ նման բարձր սակագներով ուղետոմսեր գնել, տրանսպորտից շատ հազվադեպ են օգտվում, կամ էլ առհասարակ չեն օգտվում։

Ակնկալում ենք, որ հանրային ճնշման ներքո մայրաքաղաքի իշխանությունները հետ կկանգնեն այս հակասոցիալական ու անարդար որոշումից, այլապես դա լուրջ հետևանքների կհանգեցնի՝ նախևառաջ իրենց հետագա պաշտոնավարման համատեքստում։


Ամենից շատ դիտված