Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերցրե՞լ է Տրանսպորտի վարչության պետի մեքենան։
«Մեքենան շահագործման մեջ այդ կարիքների համար չի օգտագործվում, գուցե հետ իրեն չի վերցրել, բայց չի շահագործվում։ Ոչ մի ձև չի օգտագործվում այդ մեքենան»,- ասացին Լրատվության վարչությունից։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ են անելու, ի՞նչ նպատակներով են օգտագործելու այդ մեքենան, վարչությունից պատասխանեցին․
«Հետագայում կորոշվի։ Մենք շատ ծառայություններ ունենք, որոնք որ օպերատիվ ծառայություններ են, գուցե տրամադրվի իրենց»,- նշեցին վարչությունից։
Դիտարկմանը՝ հնարավոր է, որ մեքենան վաճառվի ու գումարը բյուջեին տրամադրվի, Լրատվության վարչությունից ասացին․
«Ես այս պահին չգիտեմ, թե ինչ կորոշվի։ Միգուցե դառնա հերթապահ մեքենա օպերատիվ ծառայությանը սպասարկելու համար»,- հայտնեցին Լրատվության վարչությունից։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա:
Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ ծառայողական մեքենա ունենալու վերաբերյալ՝ վարչապետն ասաց, որ պատգամավորի ելույթից հետո այդ թեմայով գրել է Երևանի քաղաքապետին:
«Եվ քաղաքապետն ասաց՝ կարծում է, որ նա չունի ծառայողական մեքենայի կարիք: Եվ նա չի ունենա ծառայողական մեքենա»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության ծառայողական մեքենաներին՝ շեշտելով, որ դրանց թիվը 20 տոկոսով կրճատվել է, բայց դա էլ բավարար չէ։