Ավինյանին չի ստացվում անվստահություն հայտնել, քանի որ ավագանու անդամները «վաճառվել են»
copy image url

Ավինյանին չի ստացվում անվստահություն հայտնել, քանի որ ավագանու անդամները «վաճառվել են»

Ներքին 5 ամիս առաջ - 21:16 07-11-2024
Երևանի ավագանու ընդդիմադիրները հայտնել էին, որ մտադիր են հոկտեմբերին քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնել ու պաշտոնից զրկել։ Նախաձեռնության համար ընդդիմադիրների ձայնը բավարար է, բայց վերջնական քվեարկության՝ ոչ։

Oragir.News-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը նշեց, որ ընդդիմության մի մասն այս պահին իշխանության կողմն է։

«Ինչպես գիտեք, ընդդիմության մի մասը վաճառվել է այսօրվա իշխանությանը և այդ պատճառով, եթե այն ժամանակ մի փոքր հույս կար, որ այդ մարդիկ այնուամենայնիվ ընդդիմադիր են, ինձ թվում է՝ այդ մանդատազրկման պրոցեսում իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլևս ժողովրդի ընտրած ընդդիմությունն իրականում ընդդիմություն չէ, որովհետև մի հատվածն իշխանության պատվերն է կատարում։ Չգիտեմ՝ ինչի համար են այդպես վարվում, թե իրենք իրոք վաճառվում են կանխիկով, թե իրենք աշխատավարձ են ստանում դա անելու համար, որովհետև ընդդիմադիր ներկայացող մարդիկ այսօր ավելի շատ են իշխանական, քան անգամ իշխանությունը»,- ասաց նա։

Երիցյանի խոսքով՝ այսօր Ավինյանը քաղաքապետ է միայն այն պատճառով, որ երկու ընդդիմադիրներ նրան սատարում են և աջակցում են։

«Այն պահին, երբ որ այդ երկու մարդը դուրս գա իր վերահսկողությունից, ինքը կարող է դադարել քաղաքապետ լինել։ Խոսքը «Հանրային ձայն»-ի մասին է։ Այն պահին, որ դրա երկու անդամները որոշեն, որ Ավինյանը չպիտի լինի, Ավինյանը չի լինի։ Թե ինչով է վախեցրել իրենց Ավինյանը, ես իրոք չեմ հասկանում, որովհետև առաջին օրվանից, երբ որ իրեն քաղաքապետ կարգեցին, հետո օգնեցին, որ տրանսպորտը թանկացնի, հետո սկսեցին մանդատազրկել մյուս ավագանիներին՝ արդեն պարզ էր, որ այդտեղ ընդդիմություն չի։ Պարզ է, որ այդ մարդիկ քաղաքական ապագա չունեն»,- ասաց նա։

Հարցին՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը միացել է իրենց Ավինյանին անվստահություն հայտնելու հարցում, թե ոչ, Երիցյանը պատասխանեց․

«Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը մեզ հետ նույն գծի մեջ է, միակ երկու ընդդիմադիր ֆրակցիաներն ենք և ունենք Ավինյանի հեռացման և արտահերթ ընտրությունների օրակարգը»։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի հետ։ Նա նշեց, որ իրենք երբեք չեն ասել, որ Ավինյանին անվստահություն են հայտնում։

«Մենք նման բան երբեք չենք ասել։ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի նախաձեռնել կամ ասել դա»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված