Շրջափակման մեջ ենք, սնունդը պարանով են փոխանցում․ «Գոյ»-ի դերասանները դիմադրում են

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:28 29-10-2024
«Գոյ» թատրոնի դերասանական կազմը երեկվանից՝ հոկտեմբերի 28-ից, մուտք է գործել թատրոնի շենք։

Դերասանները երեկ գիշերել են թատրոնում՝ նշելով, որ եկել են իրենց պահանջների հետևից։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Oragir.News-ն այցելեց «Գոյ» թատրոն։ Քանի որ թատրոնի դռները վաղուց փակված են, փորձեցինք թատրոն մտնել «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական» թատրոնի ծառայողական մուտքից, սակայն թատրոնի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մեզ ներս մտնել։

Oragir.News-ը անվտանգության աշխատակիցներից ճշտեց՝ թատրոնո՞ւմ է արդյոք տնօրեն Վարդան Մկրտչյանը, որպեսզի գա և բացատրություն տա՝ ինչու են անվտանգության աշխատակիցները խոչընդոտում մեր աշխատանքը, սակայն նրանք նշեցին, որ տնօրենն այս պահին թատրոնում չէ։ Փորձեցինք բացատրություն ստանալ հեռախոսով, սակայն Վարդան Մկրտչյանը մեր զանգերին չպատասխանեց։

Oragir.News-ը «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ զրուցեց «այլընտրանքային» տարբերակով՝ պատուհանից։

Սարգիս Արզումանյանը նշեց, որ իրենց հետ հանդիպման են եկել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ, որոնք ցանկացել են ծանոթանալ խնդրին։

«Հենց հիմա արդեն եղավ 24 ժամ, որ մենք գտնվում ենք «Գոյ» թատրոնում, 24 ժամ մենք այս տարածքից դուրս չենք եկել, 24 ժամ պայքարում ենք, բողոքի ձայն ենք բարձրացրել և պահանջում ենք մեր իրավունքները հրատապ վերականգնել։ Քաղաքապետարանի ավագանուց էին մի քանի հոգի, իրենց նախաձեռնությամբ եկել էին մեզ տեսակցության։ Եկել էին, ծանոթանան խնդրին», -ասաց նա։

Ըստ Արզումանյանի՝ այս ընթացքում թույլ չեն տվել նույնիսկ իրենց սնունդ փոխանցել, այդ պատճառով նրանք ստիպված պարանով են բարձրացրել սնունդը։

«Սննդի մասով ասեմ, որ սա չափից դուրս էր։ Մենք երեկվանից գտնվել ենք այս տարածքում, իրենց հսկողության ներքո, այսինք` միայն այս մուտքից մենք կարող էինք դուրս գալ, ներս գալ, մենք դուրս չենք եկել ու ներս չենք եկել։ Մեր ընկերներից սնունդ էին բերել, մենք իջանք ներքև, որ վերցնենք և Սունդուկյանի անվտանգությունն ասեց, որ չեն գա դուռը բացեն և թույլ չեն տա՝ մենք սնունդը վերցնենք։ Մենք պարանի միջոցով կարողացանք բարձրացնել, որպեսզի մեր քաղցը հագեցնենք»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։