Չուտողի մալը. ո՞վ կուտի 200 մլն դրամը 
copy image url

Չուտողի մալը. ո՞վ կուտի 200 մլն դրամը 

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 25-10-2024
Կառավարության աշխատանքի արդյունավետության չափանիշներից է հատկացված միջոցները նպատակային իրացնելը։ Օրինակ՝ եթե որևէ գերատեսչություն չի իրացրել բյուջեով հատկացված միջոցները, նշանակում է՝ չի աշխատել, անգործության է մատնվել, կամ բյուջեն կազմողն անիրական, անիրագործելի ծրագրեր է առաջադրել։

Հոկտեմբերի 24-ին պարզ դարձավ, որ Կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2024 թվականի պետական բյուջեի տնտեսված 200 մլն դրամ միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Սա նշանակում է, որ կա՛մ կառավարությունը սխալ, անիրական, անիրագործելի բյուջե է կազմել, կա՛մ բյուջեն իրատեսական է եղել, բայց Արտաքին հետախուզության ծառայությունը թերացել է, չի իրագործել նախատեսված ծրագրերը։

Ներկայացված պատշտոնական պատճառաբանությամբ՝ 200 միլիոն դրամի տնտեսումը պայմանավորված է Ծառայությունում առկա մի շարք թափուր հաստիքներով: Եթե հաստիքները թափուր են մնացել, քանի որ դրանց անձնագրերի չափանիշներին բավարարող մարդ չկա աշխարհում, ապա կարող ենք ասել, որ բյուջեով անիրական, անհաշվենկատ ծրագրեր են կազմել։ Հետևապես ԱՀԾ-ն չի կարողացել գտնել դրանք իրականացնողներ։ Իսկ եթե բյուջետային ծրագրերն իրականանալի են եղել, ապա կարող ենք ասել, որ Ծառայությունն անգործություն է ցուցաբերել, բավարար ջանք չի գործադրել այդ հաստիքները համալրելու և նախանշված ծրագրերն իրագործելու ուղղությամբ։

Ենթադրելի է, որ ԱՀԾ թափուր մնացած պաշտոնների անձնագրով պահանջվել են օտար երկրներում գործակալներ հավաքագրելու պրոֆեսիոնալ կարողություններ ունեցող մասնագետներ։ 2024-ի մայիսի 29-ին ԱՀԾ պետ Քրիստինե Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ մի քանի երկրից ՀՀ-ի ինքնիշխանությանը սպառնալիքներ կան։ Վարչապետի, ԱԽՔ-ի, ԱԺ նախագահի ելույթներում ակնարկվում է, որ այդ երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, որոնք միասնաբար զավթեցին ու հայաթափեցին Արցախը, այսօր էլ նոր պահանջներ են ներկայացնում Հայաստանին։ Բնականաբար՝ ԱՀԾ-ն պիտի այդ երկրներում գործակալների հավաքագրեր, որ կառավարելի պահեր ռիսկերը։ Բայց պարզվում է՝ այս գործն անող չկա։ Հաստիքները թփում են մնացել։ Այսինքն՝ անվտանգությանը սպառնացող օպերատիվ տվյալներ ձեռք բերելու հարցում ԱՀԾ-ն գործ չի անում։

Քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք գիտի, որ անկախության առաջին տարիներից ՀՀ ինքնիշխանության երաշխավորը եղել է Սառը պատերազմում հաղթած Արևմուտքը։ Իսկ ՀՀ-ի դեմ 2022-ի ագրեսիայից հետո ՔՊ-ական իշխանությունը հասկացավ, որ ՀՀ ինքնիշխանության պաշտպանության հարցում պետք է ամբողջությամբ ապավինի Արևմուտքի աջակցությանը, քանի որ ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներն իրապես սպառնում էին ՀՀ անկախությանը։ Դրանից հետո հաճախակի դարձան Արևմուտքի երկրների հետախուզական կառույցների հետ գործակցությունը։ Ենթադրվում է, որ հետախուզական հզոր կառույցներ ունեցող Արևմուտքի երկրները ՀՀ իշխանությանն են նվիրում նաև ՀՀ ինքնիշխանության սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տվյալներ, էժան գներով կատարում ԱՀԾ բաժին աշխատանքը, ինչի հետևանքով էլ ԱՀԾ-ն տնտեսել է 200 մլն դրամ։ Եթե սա է ԱՀԾ-ի անգործության իրական պատճառը, ապա տնտեսված 200 միլիոնը կուղղվի այն ծրագրերին, որոնք սպասարկում են Արևմուտքի երկրների էքսպանսիոն հետաքրքրությունները։

Կա նաև ավելի պարզ վարկած 200 մլն դրամի տնտեսման մասին։ Ենթադրվում է, որ ԱՀԾ-ն ցուցադրում է իր անգործությունը որպես ապացույց, որ ՔՊ-ական իշխանությունը չի պաշտպանվելու ռուս-թուրք-ադրբեջանական գրոհներից, պատրաստ է կատարել չբարեկամների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները։ Եվ բնական է, որ այն փողը, որը նախատեսված էր այդ երկրներում գործակալական ցանց ստեղծելու, հետախուզական տվյալներ հավաքելու համար, տնտեսվելու էր։ Եթե սա է ԱՀԾ-ի անգործության պատճառը, ապա 200 մլն դրամն ուղղվելու է այն ծրագրերին, որոնք սպասարկում են ռուս-թուրք-ադրբեջանական հետաքրքրություններ։ Այս դեպքում ռուսական գործակալները կարող են ակնկալել, որ տնտեսված 200 մլն դրամն իրենց կհատկացվի, որպես հավելյալ ապացույց։ Ու եթե առաջիկայում ռուսական գործակալներն ակտիվանան, ծախսատար ծրագրեր իրականացնեն նշանակում է՝ ՀՀ Կառավարությունը 200 մլն դրամը նրանց է տվել։

Ինչպես ժողովուրդն է ասում՝ «Չուտողի մալն ուտողին հալալ է»։ Ինչ վերաբերում է ԱՀԾ անգործությանը, ապա այստեղ միանշանակ է մեկ բան։ Եթե ՀՀ անկախության պաշտպանության հարցում արմատական քայլեր չարվեն, ապա 2025-ի բյուջեով ԱՀԾ-ին շատ քիչ փող կհատկացվի, որը կներառի Քրիստինե Գրիգորյանի աշխատավարձն ու նրա ինտերնետի վճարը, որ համացանցում բաց աղբյուրների տեղեկատվությունը կարդա ու վարչապետին զեկուցի, թե ինչ սպառնալիք կա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված