Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։
Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Գևորգյանի և վերջիններիս չափահաս զավակների՝ Դավիթ և Հենրիկ Խունդկարյանների հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսին իմքայլական պատգամավորները պաշտոնանկ էին արել ՍԴ 3 դատավորներին և Հրայր Թովմասյանին՝ նախագահի պաշտոնից։ Նախքան ՍԴ տեղափոխվելը՝ Խունդկարյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն էր։
Որպես անշարժ գույք՝ Խունդկարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա ձեռք է բերել 1985 թվականի նոյեմբերի 5-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է ևս 1 բնակարանի և ավտոկայանատեղիի՝ Երևան քաղաքում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Որպես շարժական գույք՝ Երվանդ Խունդկարյանը հայտարարագրել է 2006 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014 թվականի մայիսի 5-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
ՍԴ դատավորի բանկային հաշիվներին 2023-ի տարեսկզբին եղել է 17․851․246,8 դրամ և 72․28 եվրո, տարեվերջին՝ 22․540․481,6 դրամ և 282․09 եվրո։ Բացի այդ նա ունեցել է նաև կանխիկ միջոցներ, որոնք տարեսկզբին կազմել են 26 մլն դրամ և 6000 դոլար, տարեվերջին՝ 30․000․000 դրամ և 6000 դոլար։
Երվանդ Խունդկարյանի տարեկան եկամուտները կազմել են 22․339․916 դրամ, որից 20․681․461 դրամը ՍԴ-ից ստացած աշխատավարձն է, 308․500 դրամը՝ ՍԴ-ից ստացած այլ եկամուտը, 661․607 դրամը և 203․442 դրամը համապատասխանաբար Արդարադատության ակադեմիայից և ԵՊՀ-ից ստացած աշխատավարձը, 484․906 դրամն էլ՝ Ինեկո բանկից ստացած այլ եկամուտը։
Դատավորի կինը՝ Ռուզաննա Գևորգյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նա նույնպես 90 օրից ավելի տիրապետում է մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Բնակարանը գտնվում է Երևանում։
Գևորգյանի բանկային հաշիվները ողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, սակայն նա ունեցել 4 մլն դրամ կանխկիկ գումար, որը ողջ տարի նույնությամբ պահպանվել է։
Հաշվետու տարում դատավորի կինը եկամուտներ չի ունեցել։
Խունդկարյանի որդին՝ Դավիթ Խունդկարյանը, շարժական գույք չի հայտարարագրել, նա ևս 90 օրից ավելի տիրապետում է մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Բնակարանը գտնվում է Երևանում։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականի հունիսի 30-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Նրա բանկայրին հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, սակայն տարվա ընթացքում դրանք համալրվել են 29․287 դրամով։ Նա նաև ունեցել է 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել է։
Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 29․287 դրամ, որը ստացել է ԵՊՀ-ից, հայտարարագրել որպես այլ եկամուտ։
Դատավորի մյուս որդին՝ Հենրիկ Խունդկարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նա իր հոր նմանությամբ 90 օրից ավելի տիրապետում է 1 բնակարանի և ավտոկայանատեղիի՝ Երևան քաղաքում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Հենրիկ Խունդկարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 583․214 դրամ և 7 եվրո, տարեվերջին՝ 835․606 դրամ և 7 եվրո։ Բացի այդ, նա ունեցել է նաև 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 3 մլն դրամ։
Դատավորի որդի տարեկան եկամուտները կազմել են 5․110․803 դրամ, որից 4․294․003 դրամը ՀՀ Վճռաբեկ դատարանից, 156․800 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 660․000 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած եկամուտը։