Շեղում՝ Հյուսիս-հարավից․ բնակիչների հողը գերակա շահ են ճանաչել, վերցրել և առանց աճուրդի վաճառել ընկերներին
copy image url

Շեղում՝ Հյուսիս-հարավից․ բնակիչների հողը գերակա շահ են ճանաչել, վերցրել և առանց աճուրդի վաճառել ընկերներին

Ներքին 6 ամիս առաջ - 14:30 14-10-2024
2015 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունը գերակա շահ է ճանաչել Արարատի մարզի Արգավանդ գյուղի հողատարածքների մի մասը և բնակիչներին փոխհատուցում տվել, սակայն ճանապարհը, այդ թվում Չարբախ տանող կամուրջը, որ պետք է անցներ նշված հատվածով, բոլորովին այլ վայրով է անցել։

Մասիս խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի բնակիչ Կարապետ Գրիգորյանը մեկն է այն սեփականատերերից, որի հողամասը գերակա շահ են ճանաչել և 15․000 ԱՄՆ դոլար փոխահտուցում տվել։

Քաղաքացին Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստ է Կառավարության տված փոխհատուցումը վերադարձնել պետությանը,փոխարենը վերականգնել իր հողատարածքը, բայց 3 տարի այդ գործընթացը ձգձգվում է։

«Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդի հատվածում ունեցել եմ 1020 քառակուսի մետր սեփականության իրավուքնով գրանցած հողատարածք, որը գերակա շահ է ճանաչվել 2015 թվականին։ Բայց խնդիրն այն է, որ դեպի Չարբախ գնացող կամուրջը այդ հողատարածքով չի անցել և պետությանը ահռելի վնա է տրվել։ Ես ուզում էի իմ հողից մնացած 270 մետր քառակուսին օգտագործեի, բայց տեսա, որ կորդինատներն այստեղ չէ, այլ 60 մետր այն կողմ՝ Հրազդան գետի մեջ։

Մենք պատրաստ ենք հետ վերադարձնել այդ գումարները, մեր հողերը թող դնեն տեղը։ ԾԻԳ-ը գցում է Կադաստրի վրա, Կադաստրն էլ գցում է ԾԻԳ-ի վրա, հիմա խառնաշփոթ է․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին՝ Արգավանդ-Չարբախ կամրջի բացման օրը, մոտեցել է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և խնդրի մասին բարձրաձայնել։ Ասում է՝ Սարգսյանն ասել է՝ 2 շաբաթից հարցին լուծում կտան, բայց 2 շաբաթվա փոխարեն, 2 տարի է անցել, սայլը տեղից չի շարժվել․

«Ասացի՝ պարոն քաղաքապետ, ո՞նց է լինելու այս հարցի լուծումը, պատասխանեց՝ ի սկզբանե քարտեզների սխալմունք է եղել, պետք է մտնենք դատարան։ Դուք այդ գումարները բերեք, մուծեք, որ կորդինատները բերեն և դնեն տեղը, հողերը տան ձեզ, որովհետև միլիոններով վնաս է տրվել պետությանը։ Ասացի՝ համաձայն եմ, պետության վնասը պետք է վերականգնենք, բայց դա ե՞րբ է լինելու։ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց՝ 1-2 շաբաթից, հիմա իրավաբանները զբաղվում են, առ այսօր պատասխանում են․․․»։

Կարապետ Գրիգորյանը նաև նշեց, որ թեև իր հողը գերակա շահ է ճանաչվել, սակայն Մասիսի համայնքապետն առանց աճուրդի, նշված հողերից վաճառք է իրականացրել․

«Եթե պետությունը գերակա շահ է ճանաչել ու ինձնից վերցրել է այդ հողը, նշանակում է՝ այն արդեն Մասիսինը չէ, այլ պետությանն է, բայց Մասիսի վարչական ղեկավարը վերցրել, իր ընկերոջ համար աճուրդ-վաճառք է արել, որը «Ազդարար» համակարգում գրանցված չէ։ Մենք դիմել ենք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, իրենք հարցում են արել մարզպետարան, պատասխանել են, թե միամիտ է եղել, աշխատակիցը շփոթվել է «Ազդարար»-ի փոխարեն Մասիսի կայքով է հրապարակել, դրա համար այդ աշխատակցին տույժի են ենթարկել, բայց այդտեղ տույժի բան չկա, դա քրեական հոդված է․․․

Ես պահանջում եմ, որպեսզի իմ հողատարածքը վերադարձնեն ինձ, ես էլ որպես փոխհատուցում ինձ տրված գումարը տամ պետությանը»,- եզրափակեց բնակիչը։