Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախորդ տարիներին ճնշել է ու շարունակում է ճնշել բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր իրենց գործունեությամբ սասանում են սեփական իշխանության հիմքերը, նպաստում նրա տապալմանը։ Բազմիցս ենք համոզվել, որ կառավարության ղեկավարի կողմից առավել դաժան վերաբերմունքի են արժանացնում հատկապես իր նախկին հաճախորդները, ովքեր այժմ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում ասոցացվել ՔՊ-ի հետ ու որոշում են կայացնում այրել բոլոր կամուրջները նրա հետ։
Նման օրինակներից է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որի ընտանիքի անդամներն այս շրջանում տարբեր քրեական գործերով են անցնում։ Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը՝ իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Քննչական կոմիտեից գործի վերաբերյալ դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդում, սակայն «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով ձերբակալությունը կապված է Գյումրու Սև բերդ ամրոցին հարակից հողատարածքների օտարման փաստով հարուցված քրեական վարույթի հետ։
Ընթերցողին ցանկանում ենք հիշեցնենլ, որ Բալասանյանների ընտանիքը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս 2020-ի սեպտեմբերին՝ Սև բերդի ապօրինի օտարման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն այն ժամանակ աղմկահարույց ձերբակալություններ տեղի չունեցան։ Հաջորդող տարիներին նույնպես ձերբակալություններ չեղան, ինչը ենթադրաբար պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2021-ի հոկտեմբերին Գյումրում ՏԻՄ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած «Բալասանյան» դաշինքը իշխանությունը կիսեց ոչ թե ընդդիմության, այլ ՔՊ-ի հետ՝ վերջինիս զիջելով հանրապետության 2-րդ խոշոր քաղաքի ղեկավարի 2 պաշտոնները։ Այս շրջանում փորձագիտական և վերլուծական շրջանակներում կարծիքներ էին հնչում, որ Բալսանյանների ընտանիքի նկատմամբ լուրջ ճնշումներ են գործադրվել ու հենց դրանց հետևանքով էլ քաղաքական այս ուժը նախընտրեց գործարքի գնալ իշխանության հետ։
Զարմանալիորեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման շրջանում կատարված ենթադրյալ ապօրինությունների մասին ՔՊ-ականները սկսեցին հիշել միայն «Բալասանյան» դաշինքի հետ քաղաքական ապահարզանից հետո։ Նախորդ դեկտեմբերին «ՔՊ»-ն միակողմանիորեն խզեց «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցոն համագործակցության հուշագիրը՝ պնդելով, որ Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը համագործակցությունն անարդյունավետ է դարձնում։ Այս շրջանում ՔՊ-ն ընդդիմադիր ՏԻՄ-երը զավթելու յուրօրինակ արշավ էր սկսել և Ալավերդու օրինակով ձգտում էր Գյումրիում նույնպես ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անել ու սեփական թեկնածուին նշանակել, սակայն ավագանիում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների շնորհիվ դա տեղի չունեցավ, ու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը կարողացավ պահպանել պաշտոնը։
Համագործակցության հուշագիրը խզելուց հետո իշխանականները ու հատկապես Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամներն ամեն առիթով խոսում էին նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման շրջանում թույլ տրված ապօրինությունների մասին՝ մեղադրելով վերջինիս անարդյունավետ կառավարում իրականացնելու մեջ։ Արդեն ամիսներ առաջ Գլխավոր դատախազության գրության հիման վրա Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ հրավիրեց, որի ընթացքում որոշում կայացվեց Սամվել Բալասնյանի և նրա նախորդի՝ Վարդան Ղուկասյանի կառավարման տարիներին օտարված 24 անուն գույք համայնքին հետ վերդարձնելու համար որոշվեց դիմել դատարան։ Դիմումի համաձայն՝ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքները մասնատվել, օտարվել են մի անձի, որից հետո սեփականության իրավունքով դրանք ձեռք է բերել քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, մինչդեռ հողատարածքը օտարման ենթակա չի եղել։
Ամենևին նպատակ չունենք պնդելու, որ Բալասանյաններն անմեղ են, հարուցված քրեական գործերն էլ՝ շինծու, սակայն չենք կարող ուշադրություն չհրավիրել դրանց քաղաքական բաղադրիչին, որն առավել քան ակնհայտ է։ Բալասանյանների նկատմամբ հետապնդումներ սկսվեցին միայն այն բանից, հետո, երբ «Բալասանյան» դաշինքը չհամաձայնեց Գյումրու քաղաքաքապետի պաշտոնը զիջել ՔՊ-ին և ընդդդիմության աջակցությամբ կարողացավ պահպանել այն, ինչն իր հերթին վկայում է եթե ոչ այս գործի՝ քաղաքական հետապնդման ակնհայտ օրինակ լինելու, ապա առնվազն դրանում առկա քաղաքական շատ մեծ բաղադրիչի առկայության մասին։ Հավելենք նաև, որ «Բալասանյան» դաշինքի հետ քաղաքական ապահարզանից հետո 2023-ի դեկտեմբերի 29-ին Սամվել Բալասանյանի մյուս որդին՝ Միսաք Բալասանյանը հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից, որում նշանակվել էր ընդամենը 4 ամիս առաջ։
Այսպիսով՝ հիշյալ իրողությունների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում հաստատել է ոչ թե օրենքի դիկտատուրա, ինչպես խոստանում էր 2021-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այլ շարժվում է քաղաքական դիկտատուրա հաստատելու ճանապարհով։ Հավանաբար Փաշինյանը հույս ունի, որ քաղաքական դիկտատուրա հաստատելու ճանապարհով 2026-ին նույնպես կկարողանա վերարտադրել իր իշխանությունը, քանի անգամ իշխանամետ հայացքներով աչքի ընկնող փորձագետներն են համակարծիք, որ ՔՊ-ն այլևս չի վայելում հանրության անվերապահ վստահությունը և հաջորդ ընտրություններում ոչ մի պարագայում չի կարողանալու բացարձակ մեծամասնություն ստանալ։
Բալասանյանների ընտանիքի, Առուշ Առուշանյանի և նմանատիպ մյուս օրինակները պետք է դաս լինեն բոլոր այն քաղաքական գործիչների համար, ովքեր կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ գործարքի գնալով կարող են ապահովել իրանց բարեկեցությունը։ Հիշյալ գործիչները պետք է գիտակցեն, որ թեպետ Փաշինյանի հետ գործարքը կարճաժամկետ հեռանկարում է կարող է նրանց համար որոշակի խնդիրներ լուծել, սակայն իշխանության հաճախորդների պատիժն իրականում շատ ավելի դաժան է լինում և կառավարության ղեկավարն առաջին իսկ հարմար առիթով զոհաբերելու է նրանց, եթե դա անհրաժեշտ լինի։
Ակնկալում ենք նաև, որ իրավապահ մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն և պետությանը վերադարձնեն Գյումրու Սև բերդը, քանի որ պատմամշակութային նման արժեք ունեցող կառույցի սեփականաշնորհումն անթույլատրելի է, անկախ այն բանից, թե ում կողմից է այն օտարվել և ում։