Նախօրեին Գյումրիում և Փարաքարում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Փարաքարում հաղթանակ տարավ «Միասնություն» դաշինքը՝ ջախջախիչ պարտության մատնելով ՔՊ–ին, իսկ հանրապետության երկրորդ խոշոր համայնքում թեպետ իշխանական թեկնածուն վարչական ռեսուրսի, ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաների, տեղամասերում հոսանքազրկումների պայմաններում առաջին տեղը զբաղեցրեց, սակայն այստեղ ևս հավաքական ընդդիմությունն ավելի շատ ձայն ստացավ, որը բավարար է ՔՊ-ին իշխանազրկելու համար։
Նախնական տվյալներով Գյումրու ավագանու 33 մանդատներից 14-ը բաժին կհասնի ՔՊ-ին, 8-ը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցությանը, 6-ը՝ Մարտուն Գրիգորյանի առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքին, 3-ը՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնքը» կուսակցությանը, 2-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքին։ Գյումրեցիների քվեարկության արդյունքում ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ ձայները ստացավ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ուստի տրամաբանական է, որ համախմբումը հենց նրա շուրջ կկայանա։
«Մայր Հայաստան» դաշինքը և Ռուբեն Մխիթարյանը արդեն իսկ հայտարարել են Վարդան Ղուկասյանին աջակցելու պատրաստակամության մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ աջակցության դիմաց պաշտոններ չեն ակնկալում։ Այս պահին ՔՊ-ի 14 մանդատի դիմաց հավաքական ընդդիմությունն արդեն 13 մանդատ ունի և եթե Մարտուն Գրիգորյանը, ում նկատմամբ վերջին օրերին ճնշումներ էին գործադրվում (նրա հայրն ու որդին ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել) չտապալի ՔՊ-ին իշխանազրկելու օրակարգը, ապա Գյումրիում ևս այն իրականություն կդառնա, և հանրապետության 2-րդ խոշոր քաղաքը կրկին ընդդիմադիր քաղաքապետ կունենա։ Այն, որ Գյումրու ընտրությունների ելքը մեծ հաշվով Մարտուն Գրիգորյանն էր որոշելու
Oragir.News-ը դեռ նախորդ շաբաթվա վերջին էր գրել՝ վերլուծելով վերջին սոցհարցումների արդյունքների արդյունքները և մանդատների հնարավոր բաշխվածությունը։
Այլ կերպ ասած՝ գնդակն այժմ Մարտուն Գրիգորյանի, իսկ մեծ հաշվով նրա քաղաքական առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի դաշտում է, ու հենց նրանք են որոշելու՝ Գյումրիում ՔՊ-ն իշխանազրկվելո՞ւ է, թե՞ ոչ։ Հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև առկա տարաձայնությունները քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ լավատես չեն ու պնդում են, որ այս համախմբումը չի կարող կայանալ և Գյումրիում փաստացի կրկնվելու է Երևանի սցենարը, սակայն քաղաքական պրագմատիզմն այս ուժերից պահանջում է շրջանցել ներքին տարաձայնությունները և միավորվել իշխանափոխության օրակարգի շուրջ, որի հնարավորությունը գյումրեցիները տվել են հավաքական ընդդիմությանը։ Պետք է նաև հույս ունենանք, որ ընդդիմադիր ուժերի ցուցակներում չեն գտնվի այնպիսինները, ովքեր կշեղվեն իրենց առաջնորդների նախանշած ուղուց, այլապես ՔՊ-ին կհաջողվի քաղաքական անասնագողություն իրականացնել և իր թեկնածուին կարգել քաղաքապետ, ինչպես դա 2023-ին տեղի ունեցավ Երևանում՝ մի փոքր այլ կոմբինացիայով։
Այսպիսով՝ փաստենք, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել, ինչը նախևառաջ հանրության անվստահության ցուցիչն է՝ օրվա իշխանությունների վարած քաղաքական կուրսի կուրսի նկատմամբ։ ՔՊ–ականները գուցե հայտարարեն, որ ՏԻՄ ընտրություններն առավելապես համայնքային նշանակություն ունեն և դրանց արդյունքները չեն կարող իրենց նկատմամբ առկա տոտալ անվստահության ցուցիչը համարվել, սակայն հարկ ենք համարում ընդգծել 2020-ից հետո ՀՀ-ում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային նշանակություն չունեն, դրանք քաղաքականացված են, և հանրությունն այս ընտրություններով իր վերաբերմունքն է արտահայտում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ։
Վերադառնալով Գյումրիին՝ նկատենք, որ հատկապես 2026-ի համապետական ընտրություններին ընդառաջ հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում ընդդիմադիր իշխանության ձևավորումն անկյունաքարային նշանակություն ունի, և եթե այդ օրակարգը կայանա, ապա այն կարագացնի իշխանափոխությունը ողջ Հայաստանում։ Այս իրողությունը շատ լավ հասկանում են ՔՊ–ականները, դրա համար էլ ջանում էին ոչ մի դեպքում չկորցնել Գյումրին։ Գյումրեցին դա հասկացավ և իր քվեարկությամբ վիժեցրեց ՔՊ–ական այս օրակարգը, այժմ ակնակալում ենք, հավաքական ընդդիմությունը կկարողանա գյումրեցու քվերակությունը կապիտալիզացնել և իշխանազրկել ՔՊ–ին։
Երեկվա քվերակության կարևոր դասը նաև այն էր, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխության հասնել, չնայած հակառակի մասին բոլոր հավաստիացումներին․․․
Դավիթ Գույումջյան