ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
copy image url

ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ներքին 6 ամիս առաջ - 20:46 09-10-2024
Էջմիածին քաղաքի հիմնադրման 2709 ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքային շրջանի պատվիրակությունը վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Գուսևի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և Ժաննա Մելքոնյանը: Վերջինս հյուրերին ուղեկցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Անդրադարձ կատարվեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար Միխայիլ Գուսևը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պարոն Միխայիլ Գուսևին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Ամենից շատ դիտված