Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությունը սկսվեց Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցելով, այնուհետև Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելով, Ջարդի ձոր գնալով։

Ամեն տարի ապրիլի 24-ին Շիրակի մարզերի բնակիչները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ջաջուռ գյուղից ոչ հեռու գտնվող Ջարդի կամ Հերհերի ձոր կոչվող տարածքում:
Մեկուկես միլիոն նահատակների հիշատակին իրենց խոնարհումն են բերել նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ցեղասպանություն վերապրածների ժառանգները:
Այս տարածքում 1918-1921 թվականներին կոտորածի են ենթարկվել Ալեքպոլի և Ղարաքիլիսայի գավառների 51 գյուղերի 12 հազար բնակիչներ: Այս գյուղերում բնակություն էին հաստատել նրանք, ովքեր 1915-ից մազապուրծ հասել էին Արևելյան Հայաստան: 1920-ականների ջարդերը վերապրածներ Շիրակի մարզում արդեն չկան:

Ցեղասպանություն ապրածների ժառանգներն ասում են, որ Ցեղասպանությունից 108 տարի է անցել, բայց այսօր Հայաստանը նոր ցեղասպանության առջև կանգնած։ Պատմությունը կրկնվում է հատկապես նրանց համար, ովքեր այդ պատմությունից դասեր չեն քաղել։
Ջարդի ձորում ծաղիկներ խոնարհվեցին անմեղ նահատակների հիշատակին, մարդկանց հոսքը չէր դադարում։