Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Գուգարքի բաժի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Դարպաս գյուղի «Խաչի թաղ» կոչվող տարածքում թմրանյութ է տեղադրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանները Վանաձոր քաղաքում իրականացնում են հատուկ օպերացիա, որի արդյունքում «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամասում նկատում են կասկածելի «Honda» մակնիշի ավտոմեքենան և թե ինչպես է դրա վարորդը փորձում թմրամիջոց տեղադրել նշված վայրում։ Նա, նկատելով ոստիկանության ծառայողներին, ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետում փաթեթներ։ Տեղում ոստիկանները ու պարեկները վնասազերծում են նրան և դրսում հայտնաբերվում է կասկածելի 6 հատ փաթեթ, իսկ ավտոմեքենայի սրահում՝ կանաչ և շագանակագույն մի քանի փաթեթներ։
Ոստիկանները նշված վայրից թմրամիջոց պահելու, իրացնելու կասկածանքով ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Գուգարքի բաժին, ինչպես նաև կասկածյալին, ով Երևանում բնակվող 23-ամյա Հ․ Ն․-ն է։
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերվում է «Iphone» տեսակի բջջային հեռախոս, իսկ նրա հետ եղած կնոջ մոտ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում, նույնպես հայտնաբերվում է «Iphone» տեսակի հեռախոս և արդեն փաստերի ճնշման տակ վերջիններս հայտարարում են, որ հիշյալ փաթեթները տարբեր տեսակի թմրամիջոցներ են, իսկ Հ․ Ն․-ն հայտնում է, որ ինքը դրանք ձեռք է բերել 1 օր առաջ Գյումրի քաղաքի Տեքստիլ թաղամասի բնակչից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ընդհանուր թվով հայտնաբերվել են 23 փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներն ամուսիններ են։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում