Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են խաղաղապահների անվան տակ իրենց զորախումբը ուղարկել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Ինչպես փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Բորտիկովն ասել է Աստանայում կայացած ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները Հայաստանին դրդում են ձգձգել Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի որ վերջիններս շահագրգռված չեն, որ տարածաշրջանում կայուն իրավիճակ հաստատվի։ «Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։
Բորտնիկովը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Մոսկվայի մոտ կասկածներ է հարուցել։ Ըստ նրա՝ ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ «առաքելության մասնակիցները հետախուզական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության և նրա գործընկերների դեմ [նկատի ունի Ադրբեջանին և Իրանին-խմբ․]»։
Վերջինիս նաև պնդել է, որ հավաքական արևմուտքը արտոնյալ պայմաններով սպառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Նրա համոզմամբ՝ դա Հայաստանին կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից՝ Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների հարցում։
Բորտնիկովը հավելել է նաև, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը չի նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը՝ հաշվի առնելով աշխարհի մի շարք այլ վայրերում դաշինքի միջնորդական առաքելության նախկին փորձը։