Հարցերի հարցը սա է՝ ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում չգիտեին, և ինչ պետք է անեք, որպեսզի երբ հասնեք Հայաստանի հաջորդ հատվածներին, հասկանանք՝ ինչ քարտեզ է, որտեղից հայտնվեց և ինչու մինչև 1990 թվականի սեպտեմբերի 1-ը այդ քարտեզի մասին ոչ մեկ չգիտեր․ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ Կիրանցում Ադրբեջանին է անցել տուն, որը կառուցվել էր օրինակ 1976 թվականին։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Պարոն Նազարյան, մենք հաճախ մոռանում ենք, որ 1976 թվականին մենք սահման չենք ունեցել, նույն երկրի մասին է եղել խոսքը: Դուք այդ գյուղում շատ եք եղել, ես էլ այդ մարզում եմ ծնվել, այդ ճանապարհներով տասնյակ անգամներ անցել ենք, գիտեինք որտեղ էր առևտուր արվում ադրբեջանցիների, որտեղ էր արվում՝ մեր հայրենակիցների կողմից: Այն ժամանակ սահմանը չեն իմացել, որովհետև նման հասկացողություն չի եղել»:
Ապա Կառավարության ղեկավարը հանելով մի քարտեզ ասաց. «Այս քարտեզը, համաձայն որի այդ սահմանը քաշվել է, չէր էլ լինի, եթե դրա աշխատանքային անհրաժեշտությունը չունենար խորհրդային միության ԶՈՒ գլխավոր շտաբը:
Այդ քարտեզի կարիքը չի եղել, հողօգտագործման հարաբերություններ են եղել, կոլխոզը կոլխոզին ասել է՝ լավ ստեղ թող ձեր գառներն արածեն, ընդեղ էլ՝ ձեր գառները: Երբ որ խոսում ենք, թե Կիրանցից քանի տուն է անցել, կամ որ ահազանգվում էր, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է այն կողմում, բա ինչի՞ չեղավ:
Մենք սիրում ենք մեզ համար գլուբուս ստեղծել և մեր գլոբուսի վրա ապրել»: