«Ես Սահմանադրական դատարանի վերջին որոշումը ծայրաստիճան բացասական եմ գնահատում, որովհետև այն իր մեջ բավականին վտանգավոր վերլուծություններ ու դրույթներ է պարունակում»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ բարձր դատարանի կայացրած որոշմանը։
Գոհար Մելոյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի եզրակացությունը բավականին խնդրահարույց դրույթներ է պարունակում։ «Դիցուք՝ նախաբանում հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքին, հնարավորություն է տալիս, որ խաղաղության պայմանագրով այլ սկզբունքներ նախատեսվեն, իսկ այդ այլ սկզբունքները բավականին անորոշ շրջանակ են։ Այստեղ արդեն խնդիր ունենք ոչ միայն որոշակիության սկզբունքի մասով, որի վերաբերյալ ՍԴ-ն բավականին հարուստ նախադեպային պրակտիկա ունի, այլև հստակ խնդիրներ կարող են առաջանալ մեր պետության ինքնիշխանության հետ կապված, այնտեղ դրույթ ունենք սահմանային հարցերի ինքնուրույն տեղորոշման վերաբերյալ՝ 5-րդ հոդվածի առաջին մասում։ Բայց նաև վերջին կետում կարևոր նախապայման է արձանագրված, համաձայն որի այս կանոնակարգը կարող է ուժի մեջ մտնել բացառապես երկու պետություններում ներպետական վավերացում անցնելուց և ուժի մեջ մտնելու բոլոր նախապայմանները բավարարելուց հետո»,- նշում է նա։
Սահմանադրագետը շեշտում է՝ հայկական կողմի հապշտապ գործողություններից հետո եթե անգամ Ազգային ժողովն էլ այս կանոնակարգը վավերացնի, ապա այն դեռևս ուժի մեջ մտած չի համարվելու, քանի դեռ Ադրբեջանը նույնաբնույթ ներպետական վավերացման գործընթացը չի ավարտել։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանում անգամ չեն հրապարակել կանոնակարգը, ինչից հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված հայկական կողմի այս շտապողականությունը։
Մելոյանի խոսքով՝ այս հարցադրման պատասխանը եկավ Սահմանադրական դատարանի որոշման տեսքով, իսկ ՍԴ-ն, ունենալով դիտարկման և ուսումնասիրության ենթակա մի շարք խնդրահարույց հարցեր, այս կանոնակարգը ճանաչեց Սահմանադրությանը չհակասող․
«Խոսքը վերաբերում է դրա սահմանադրականությանը, որոշակիությանը, ինչու ոչ տարածքային փոփոխություններին, որովհետև մեր Սահմանադրությունը հստակ պահանջ ունի, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության հարցերը որոշվում են բացառապես հանրաքվեով, իսկ այժմ ունենք մի իրավիճակ, երբ այս կանոնակարգ-փաստաթղթի համար հիմք հանդիսացող մեկ այլ փաստաթղթով՝ նույն հանձնաժողովների ապրիլի 19-ի արձանագրությամբ արդեն դե ֆակտո և դե յուրե սահմանազատման աշխատանքներ են իրականացվել և ՀՀ-ից տարածքներ են զիջվել Ադրբեջանին։ Սա ակհայտ հակասահմանադրական գործընթաց ու փաստաթղեր էին, որոնք ի տարբերություն և ի հեճուկս այս մեկի՝ այդպես էլ ներպետական վավերացման գործընթաց չեն անցել և ենթադրել էր, որ ՍԴ-ն ամբողջականություն և լրիվություն ապահովելու, սահմանադրական արդարադատություն իրականացնելու համատեքստում պետք է ծանոթանա այս փաստաթղթի համար հիմք հանդիսացող մի շարք այլ փաստաթղթերի հետ»։
Սահմանադրագետի դիտարկմամբ՝ ՍԴ-ն նախքան որոշում կայացնելը պետք է ուսումնասիրեր գործընթացի մաս կազմող բոլոր փաստաթղերի միջև առկա շղթայական տրամաբանական կապը։ «Իսկ ինչ արեց Սահմանադրական դատարանը․ ՍԴ-ն այս կանոնակարգի ներքո անդրադարձ է կատարել Անկախության հռչակագրին, ու այդ արձագանքն այնքանով է վտանգավոր, որ դրանում առկա են իրավական նոնսենսի հասնող մեկնաբանություններ՝ ինչպես օրինակ այն պնդումները, որ բացակայում է դոկտրինալ կապը՝ Սահմանադրության և Անկախության հռչակագրի միջև, որ Անկախության հռչակագրի դրույթներն ուղղակիորեն ամրագրված ու արձանագրված չեն Սահմանադրությունների միջև, ու սա այն դեպքում, երբ մենք ունենք միայն 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը, իսկ դրանից հետո 2 անգամ՝ 2005-ին և 2015-ին ծավալուն սահմանադրական փոփոխություններ են կատարվել, ընդ որում, նորից եմ ընդգծում՝ նոր Սահմանադրություններ չեն ընդունվել, միայն սահմանադրական փոփոխություններ են կատարվել, որոնք կաշկանդված էին Սահմանադրության նախաբանում փոփոխություն կատարելու անթույլատրելիությամբ»,- ասաց Մելոյանը՝ ընդգծելով, որ ՍԴ-ն 20 էջի շրջանակներում փորձել է հիմնավորել ՀՀ Անկախության հռչակագրի ոչ ամբողջականությունն ու լրիվությունը, հռչակագիրն ու մայր օրենքը որակել որպես «զավակին խժռող ծնող»։
Գոհար Մելոյանը հավելում է նաև՝ ՍԴ-ն արձանագրել է նաև, որ մայր օրենքի բոլոր այն դրույթները, որոնք այլևս արտացոլում չունեն Սահմանադրության մեջ, ինչպիսինն է Լեռնային Ղարաբաղի հարցին նվիրված պատգամներն ու սկզբունքները, ենթադրելի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը և այլն, հետագայում այլևս ՍԴ-ի կողմից վերանայման անհրաժեշտություն չունեն և գործող չեն համարվում։ Սահմանադրագետի գնահատմամբ՝ սա այն իրավական զարտուղին է, որը քաղաքական իշխանությունը ՍԴ-ի ձեռամբ հրամցնելու է Ադրբեջանին՝ շրջանցելու համար Սահմանադրության փոփոխության հանրաքվեի պահանջը․
«Զավեշտը նրանում է, որ ադրբեջանական կողմն ավելի մեծ ակնածանք ու հարգանք ունի մեր իրավական փաստաթղերի ու մեխանիզմների նկատմամբ, քան մեր իշխանությունը։ Օրեր առաջ նույն Ադրբեջանի նախագահի օգնականը բավականին ծավալուն հարցազրույց էր տվել միջազգային լրատվամիջոցներից մեկին, որում կրկին ընդգծել էր իրենց այն պահանջը, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի, որում մենք կհրաժարվենք Անկախության հռչակագրին կատարվող հղումից։ Այս պահանջը Լեռնային Ղարաբաղի հարցով է պայամանավորված, քանի որ մեր պետության հիմնադիր նախահայրերը դա որպես սկզբունք և պատգամ առաքել էին մեր ազգին՝ դնելով մեր պետականության ակունքներում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան