Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։
Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և նրա կնոջ՝ Նարինա Առաքելովայի հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ Վիլեն Գաբրիելյանը ծնունդով Բաքվից է, և վերջինս մի առիթով հայտարարել է, որ հնարավորության դեպքում պատրաստ է վերադառալ իր ծննդավայր։ Գաբրիլյանը ՔՊ-ի հիմնադիր անդամներից է, 2019-ից՝ կուսակցության վարչության անդամ է, իսկ պատգամավոր է ընտրվել 2021-ի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում։
Որպես անշարժ գույք՝ Գաբրիելյանը հայտարարագրել է բաժնային սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2022 թվականի ապրիլի 4-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում՝ գնված 2006 թվականի հունիսի 30-ին։ Տարեվերջին բնակարանն ու հողամասը պահպանվել են։
Որպես շարժական գույք՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 1988 թվականի արտադրության IZH մակնիշի բեռնատար՝ գնված 2006 թվականի փետրվարի 12-ին, ինչպես նաև 1999 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2007 թվականի մայիսի 17-ին։ Տարեվերջին Գաբրիելյանի շարժական գույքը նույնությամբ պահպանվել է։
Վիլեն Գաբրիելյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2․026․890,81 դրամ, իսկ տարվերջին 379․209 դրամ։ ՔՊ-ական պատգամավորը ունեցել է նաև 500․000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Վերջինիս տարեկան եկամուտները կազմել են 18․846․860 դրամ, որից 9․950․076 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, իսկ 7․536․784 և 1․360․000 դրամը համապատասխանաբար Կոնվերս բանկից և Ինեկոբանկից ստացված փոխառությունները։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21․525․788 դրամ։
Պատգամավորի կինը՝ Նարինա Առաքելովան, որպես անշարժ գույք հայտարարագրել է միայն ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ բաժնային սեփականությամբ։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Առաքելովան չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 128․000 դրամ, որը սակայն տարեվերջին զրոյացել է։ Պատգամավորի կինը կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։
Նարինա Առաքելովայի տարեկան եկամուտները կազմել են 10․661․906 դրամ, որից 3․125․122 դրամը Միասնական սոցիալական ծառայությունից ստացած աշխատավարձն է, մնացած 7․536․784 դրամը՝ Ինեկոբանկից ստացած փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16․491․530։