Բնակարաններ, մեքենաներ, հողամաս, 24 մլն դրամ եկամուտ․ Ռոմանոս Պետրոսյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Բնակարաններ, մեքենաներ, հողամաս, 24 մլն դրամ եկամուտ․ Ռոմանոս Պետրոսյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 16-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի և նրա կնոջ՝ Արմինե Պետրոսյանի հայտարարագրերը, որոնց նույնպես 2018-ի իշխանափոխությունը չի շրջանցել։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2020 թվականը եղել է Կոտայքի մարզպետը, 2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, իսկ արդեն 2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան, որոնցից մեկը Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Առաջին բնակարանը նա ձեռք է բերել 2001 թվականի մայիսի 25-ին, իսկ երկրորդն արդեն իշխանափոխությունից հետո՝ 2019-ի հոկտեմբերի 3-ին։ Բացի այդ, Պետրոսյանը հայտարարագրել է միաձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքում՝ գնված 2014 թվականի հունիսի 6-ին։ Տարեվերջին բնակարաններն ու հողամասը պահպանվել են։

Պետրոսյանը տարեսկզբին շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում՝ 2023-ի հունիսի 5-ին, 8․000․000 դրամով գնել է 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։

Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը 60 տոկոս բաժնեմաս է հայտարարագրել «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ում, որի արժեքն, ըստ հայտարարագրի 60․000 դրամ է Բաժնեմասը նա ձեռք է բերել 2011 թվականի մարտի 30-ին։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8․605․996 դրամ, տարեվերջին՝ 1․701․057 դրամ և 10․000 եվրո։ Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 3․050․000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 2․000․000 դրամի։

Ռոմանոս Պետրոսյանի տարեկան եկամուտները կազմել են 22․183․491 դրամ, որից 19․601․499 դրամը Պետական վերահսկողության ծառայությունից ստացած աշխատավարձն է, 2․581․992 դրամը՝ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Նրա ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24․018․532 դրամ։

Պետրոսյանն իր եկամուտներից 2․581․992 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, որպես անշարժ գույք նա հայտարարագրել է միայն ամուսնու հայտարարագրած բնակարաններից 1-ը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ Արմինե Պետրոսյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի փետրվարի 18-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Արմինե Պետրոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 116․556 դրամ, տարեվերջին՝ 118․406 դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 950․000 դրամ, տարեվերջին՝ 1․050․000 դրամ։

Վերջինիս տարեկան եկամուտները կազմել են 2․535․998 դրամ, որից 2․447․086 դրամը Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջից, 88․912 դրամը՝ «ՍՄԱՐԹ» նորարար կրթության եւ մշակույթի զարգացման հիմնադրամից ստացած աշխատավարձն է։