ՀՊՏՀ ռեկտոր՝ առանց նախագահի որոշման․ նախագահականն ու ՀՊՏՀ-ն պատասխան չունեն
copy image url

ՀՊՏՀ ռեկտոր՝ առանց նախագահի որոշման․ նախագահականն ու ՀՊՏՀ-ն պատասխան չունեն

Ներքին 6 ամիս առաջ - 19:16 20-09-2024
Սեպտեմբերի 6-ին կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Սակայն սեպտեմբերի 20-ի դրությամբ դեռևս ՀՀ նախագահ, համատեղության կարգով նաև ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից հաստատված չէ ընտրության արդյունքների որոշումը․ ՀՊՏՀ կայքում ևս հրապարակված չէ։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ։

«Այսինքն՝ ռեկտորի ընտրության փաստի հետ կապված ինչի՞ եք մեզ զանգում»,- ասաց նա։

«Ես ռեկտորի ընտրության կարգին ու կանոնադրությանն առանձնապես ծանոթ չեմ, բայց ինչքան ես տեղյակ եմ, ռեկտորի ընտրությունը կատարվել է հոգաբարձուների խորհրդի նիստում, այսինքն՝ ընտրությունից հետո ինչ-որ բան ստորագրելու կարիք, ես անկեղծ ասած, չգիտեմ կա, թե չէ։

Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային»,- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանի հետ, նա ևս նշեց, որ տեղյակ չէ, ու խոստացավ ավելի ուշ ճշտել։

«Ճիշտն ասած ես տեղյակ չեմ, կփորձեմ այսօր ճշտել կամ գուցե երկուշաբթի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև ՀՊՏՀ ռեկտորի թեկնածուներից մեկն էր՝ գրել էր, որ արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու որոշումից։