Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառվում այն, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։
«Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից»,-ասաց նա։
«Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենց ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։
«Ժամանակին Արայիկ Հարութունյանը, որ հիմա Բաքվի բանտում խոշտանգվում է, չէր բացառում, որ Արցախը կարող է Ադրբեջանից էլէկտրաէներգիա գնել։ Հիմա նույնկերպ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանից գազի գնման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում է կոդեր, մեսիջներ, բանտիկներ, պաչիկներ ուղարկել Ադրբեջանին առ այն, որ եկեք խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրենք, որովհետև Նիկոլ Փաշինյանին թվում է, որ այդ կետերը ստորագրելով՝ իր հետագա իշխանավարումը ապահովում է, բայց դրանց ի պատասխան՝ Հաջիևը և Ալիևը կրկին ասացին, որ որևէ բան չի ստորագրվելու, մինչև բոլոր կետերը չհամաձայնեցվեն, և մինչև Հայաստանը չկատարի Ադրբեջանի երկու ուլտիմատումները։
Խաղաղության ֆեյք օրակարգերը ուղղված են Նիկոլի սեկտային, արտաքին աշխարհին և Ադրբեջանին։ Այսօր նա մեկ հարց է լուծում՝ փորձում է երկարաձգել սեփական իշանությունը»,-նկատեց Նարիա Զոհրաբյանը։
Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Կիրանցում ապրելը անվտանգ է, թող գնա, ապրի։ Առաջարկում եմ դա ապացուցելու համար ՔՊ պատգամավորները «դախազ» իրենց երեխաների տեղափոխեն Կիրանցի դպրոց»։