Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում մտադիր է լրատվամիջոցներին և գիտության ոլորտով զբաղվող անձանց բերել հարկման ընդհանուր համակարգ և վերջիններիս հարկել նաև ավելացված արժեքի հարկով։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, շրջանառության մեջ դրված նոր նախագծից։
Նշվում է, որ այս նախագծի նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելն է, իսկ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատմանը:
Նախագծի շրջանակներում ի թիվս այլոց ներառված են մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող ծառայությունները։ Այս շարքում ընդգրկված ծառայություններն են. «Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ», «Գիտական հետազոտություններ և մշակումներ», «Գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն», «Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն», «Անասնաբուժական գործունեություն»։
Այսպիսով՝ մանսագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական անգամ փորձում է զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին՝ վերջիններիս համար ֆինանսական խնդիրներ ստեղծելու ճանապարհով։ Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները որոշակի եկամուտներ են ստանում նաև տարբեր ծառայությունների գովազդից, իսկ ԱԱՀ-ով հարկվելու պարագայում այդ եկամուտները շեշտակի կպակասեն, որոշ լրատվամիջոցներ էլ առհասարակ կհայտնվեն փակման վտանգի առաջ։
Ինչ վերաբերում է գիտության ոլորտին, ապա այս դեպքում նույնպես կառավարության առաջարկած փոփոխությունները ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունենալու՝ հանգեցնելով նրան, որ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար դառնա անգրավիչ, և վերջիններս նախընտրեն ոչ թե գիտությամբ զբաղվել, այլ օրինակ պարեկ դառնալ, ինչի համար մեծ գիտելիքներ ու ջանքեր չեն պահանջվում։
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանում գիտուժն աստիճանաբար վերածվելու է գիտհուշի, որի հետևանքներին հայ հանրությունը կբախվի մոտ ապագայում։