Oragir.News-ն ահազանգ է ստացել իր ընթերցողներից, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում, աղբատար մեքենայից աղբը տանելու ժամանակ թափվել է աղբաջուր, որը գարշահոտության ու տարածքի աղտոտվածության պատճառ է դարձել:
Քաղաքացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ մի քանի անգամ զանգել են պատասխանատուներին, որպեսզի գան ու լվանան ասֆալտը, սակայն ապարդյուն՝ պատասխանը բացասական է եղել։
Քանի որ այս ամենն անհարամարություն է պատճառել քաղաքացիներին, նրանք իրենք են լվացել ասֆալտը:
«Պատկերացնում եք, թե ինչ գարշահոտություն էր տիրում`այն էլ այս շոգ եղանակին: Մի քանի անգամ զանգեցինք, որ գան ու լվանան, բայց չեկան։ Հասկանալով, որ օգուտ չկա, որոշեցինք մենք լվանալ»,- ասաց քաղաքացիներից մեկը, հավելելով, որ իրենք մտահոգված են, քանի որ այս ամենի պատճառով կարող է համաճարակ տարածվել։
Ստացվում է` Երևանի քաղաքապետարանը կա'մ հավուր պատշաճի չի իրականացնում մայրաքաղաքի աղբահանության աշխատանքները, կա'մ իրականացնում է ավելի վատ հետևանքներով` ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` «աչքի փոխարեն ունքն է հանում»։
Այն ինչին ընդունակ է այս քաղաքային իշխանությունը`ստելն ու պատասխանատվությունն իր վրայից գցելն է։