Ավարտվել է իմ տնային կալանքը, բայց իմ հանդեպ հարուցված քրեական գործը չի կարճվել։ Դեռ փորձելու են էլի ինչ-որ մարդկանց գտնել, ուղղորդել, նորից բերել, հարցաքննել, ինձ հարցաքննել, որպեսզի ձերբակալելու նոր առիթ գտնեն։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանը։
Անդրադառնալով իր հանդեպ հարուցած շինծու քաղաքական գործին՝ Բազեյանը նշել է, որ այն գործող իշխանության քաղաքկան պատվեր է եղել, որի հետևանքով 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել է և գտնվել կալանավայրում, այնուհետև 5 ամիս ենթարկվել է տնային կալանքի։ Նրա խոսքով, գործող իշխանության հրահանգով և Ազգային անվտանգության ծառայության հատուկ կարևորագույն գործով քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից հորինված ապօրինի մեղադրանքով և Աջափնյակի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի քրեական դատարանի անարդարացի և ոչ իրավաչափ որոշումներով խախտվել է իր ազատ տեղաշարժվելու և քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը։
«Փաստում եմ՝ որևէ իշխանություն հավերժ չէ և ներկայիս նիկոլական իշխանությունը վաղ թե ուշ հեռացվելու է, Հայաստանում ձևավորվելու է նոր՝ հայրենապաշտ իշխանություն»,- նշել է Ալբերտ Բազեյանը
Բազեյանը նշել է, եթե ինքը Փաշինյանին ոչնչացնելու ծրագիր է ունեցել, ինչո՞ւ չի թաքնվել, այլ հաջորդ օրը հանգիստ նստել է իր տանը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։