Մեր հաշվին․ 5 մլն դրամ՝ Փաշինյանի հեծանվարշավի մասնակիցների սննդի համար
copy image url

Մեր հաշվին․ 5 մլն դրամ՝ Փաշինյանի հեծանվարշավի մասնակիցների սննդի համար

Ներքին 7 ամիս առաջ - 22:30 26-08-2024
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին հանրությանը փորձում է համոզել, որ առողջ ապրելակերպ է վարում, հեծանվային զբոսանքներ է կազմակերպում և այլն, չնայած այն բանին, որ իր ֆիզիկական կառուցվածքը բոլորովին չի ասոցացվում առողջ կենսակերպ վարող մարդու կազմվածքի հետ։

Հանրությունը հիշում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց հեծանիվ վարել ու առողջ ապերելակերպի կարևորությունն ընդգծել հատկապես այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանն ակնկարկեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինի նման չի կարող հեծանիվ վարել և ազատորեն շրջել քաղաքում։ Բացի այդ, որքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեն տպավորություն ստեղծել, որ իրենք կարողանում են քաղաքում ազատորեն շրջել և հեծանիվ վարել, այդ հեծանվային արշավների ժամանակ իշխանականների անվտանգությունն ապահովող աշխատակիցների քանակն առնվազն հակառակի մասին է վկայում։

Նախորդ հանգստյան օրերը նշանավորվեցին այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, ու մի խումբ հեծանվորդների հետ գնացքով մեկնել էր Սևան՝ հեծանվարշավի։ Բացի հեծանիվ վարելուց, Փաշինյանը Սևանում նաև խորոված եգիպտոցորեն էր համտեսել, լողացել լճում՝ միևնույն ժամանակ անարգել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Oragir.News-ը պարզել է, որ Սևանում Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների միայն սննդի ծախսերը հոգալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բավականին թանկ է արժեցել։ Մասնավորապես վարչապետի աշխատակազմը հարկատուների վճարած գումարներից 5․034․480 դրամ է հատկացրել՝ Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման միջոցառման հետ կապված ծառայությունների համար։

Գնման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն Էլյա Ավագյան ԱՁ-ն, որը համաձայնել է Փաշինյանի աշխատակազմի առաջարկած գնով՝ 5․034․480 մատուցել անհրաժեշտ ծառայությունները։ Վերջինիս հետ պայմանագիրը կնքնվել է 2024 թվականի օգոստոսի 23-ին, իսկ կատարման վերջնաժամկետն ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ն է։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ պայմանագրով մատակարարը պարտավորվել է լուծել հեծանվարշավի մասնակիցների սննդի հարցը։ Էլյա Ավագյան ԱՁ-ին Հայաստանի հարկատուների գումարներից հատկացված 5․034․480 դրամով վերջինս 2 օրում հեծանվարշավի մասնակցող 100 անձանց տրամադրել է նախաճաշ, ճաշ և ընթրիք։

Վստահորեն կարող ենք պնդել՝ եթե նախքան իշխանափոխությունը Հայաստանի Հանրապետության նախագահի կամ վարչապետի աշխատակազմը հարկատուների վճարած գումարներից երկրի ղեկավարի կազմակերպված հեծանվարշավի մասնակիցների սննդի համար ավելի քան 5 միլիոն դրամ հատկացներ, ապա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խստորեն կքննադատեր այդ երևույթը, կպնդեր, որ երկրում աղքատության բարձր ցուցանիշների ֆոնին նման շքեղ ծախսերը պարզապես անթույլատրելի են։

Փաշինյանը նաև կհայտարարեր, որ այդ գումարները կարելի էր ավելի նպատակային ծախսել, իսկ իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ը հարյուրավոր հրատապ խնդիրներ կմատնանշեր, որոնք կառավարության աշխատակազմի գումարներով հնարավոր կլիներ լուծել ու մեղմել մի խումբ մարդկանց սոցիալական վիճակը։