Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ Արամ Մանուչարյանը, ով կասկածվում է Տավուշի մարզի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ բռնություն կիրառելու և խուլիգանության համար, զարտուղի ճանապարհներով հասել է Բագրատաշենի սահմանային անցակետ և պատրաստվում է լքել ՀՀ պետական սահմանը։
Ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են անցակետ և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Հենց սահմանային անցակետը հատելու պահին Ա․ Մանուչարյանը ոստիկանների կողմից քննիչի որոշմամբ ձերբակալվում է և տեղափոխվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայր, որտեղ արդեն քննիչը միջնորդություն է ներկայացնում, որպեսզի Ա․ Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի։ Դատավորը դռնփական դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը և Ա․ Մանուչարյանը դատարանից տեղափոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Բագրատաշենի անցակետի տարածքում հայտնաբերվում է նաև «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որով նա եկել էր Բագրատաշենի անցակետ։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվում է նաև կռվի մասնակիցներից Տավուշի մարզի բնակիչ Կալին Մանուչարյանի գտնվելու վայրը ու ոստիկանների կողմից ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ Կ․ Մանուչարյանը ինքնական ներկայանում է ոստիկանության Տավուշի բաժին։
Նա քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Վարագավան բնակավայրի ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել էին Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանը սկսել էր զրուցել վարչական ղեկավարի հետ, որը այնուհետև վերածվել էր վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանը հայտնել էր, որ գյուղի տերերը իրենք են ու սկսել էր հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: