4 տարի մեր երեխեքից լուր չունենք․ անհետ կորածների ծնողները երկուշաբթի օրը կգնան ԱԱԾ
copy image url

4 տարի մեր երեխեքից լուր չունենք․ անհետ կորածների ծնողները երկուշաբթի օրը կգնան ԱԱԾ

Ներքին 8 ամիս առաջ - 17:15 09-08-2024
2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք օրեր շարունակ գիշերում էին ԱԱԾ շենքի մոտ և հանդիպում պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, երկուշաբթի օրը կվերսկսեն իրենց գործողությունները։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը։

«Պարոն Աբազյանը խնդրել էր՝ ակցիաներ չանենք, ինքն արձակուրդից վերադառնա և հանդիպի մեզ հետ, բայց քանի որ հստակ ժամանակահատված չի նշել, մենք օգոստոսի 12-ին կրկին կգնանք ԱԱԾ։ Մեզ հաճելի չէ նման գործողությունների դիմելը, բայց թող ամեն մարդ մի պահ իր վրա վերցնի ու պատկերացնի մեր հոգեվիճակը, 4 տարի մեր երեխեքից լուր չունենք․․․»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները հուլիսի 29-ին հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ և հանդիպում էին պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։
Ծնողները զայրացել էին, որ Քննչական կոմիտեն առանց իրենց համաձայնության, ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանվել է, ինչը նշանակում է, որ այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն կարող ուղարկել։
Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց տղաների անունները կրկին ավելացնեն այդ ցուցակներում։ Քանի որ անհետ կորածների և գերեվարվածների հարցերով զբաղվում է նաև ԱԱԾ տնօրենը, ծնողները հենց նրա հետ են ուզում հանդիպել։

Ավելի ուշ Արմեն Աբազյանը կապ էր հաստատել նրանց հետ և խոստացել, որ արձակուրդից վերադառնալուն պես կհանդիպի նրանց հետ։