Չնայած՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը նույնականացման քարտերով հատելու իրավունք են ստացել, այնուամենայնիվ՝ նույնականացման քարտերով սահմանը հատելու վերաբերյալ խնդիրները մնում են ռիսկային։
Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ նրանք անակնկալի են բախվում, երբ պարզում են, որ նույնականացման քարտով Հայաստան-Վրաստան սահմանը հատելուց հետո հնարավոր չէ ՀՀ անձնագրով այլ պետություն մեկնել։ Եվ այդ էլ բավական չէ, սահմանին իրենց չեն տեղեկացնում, որ, եթե հայ-վրացական սահմանն անցնելու համար օգտագործվում է նույնականացման քարտն, ապա դա կարող է խնդրի առաջ կանգնեցնել քաղաքացուն, եթե նա Վրաստանով երրորդ պետության տարածք ուզենա անցնել։
Այս իրավիճակը անկառավարելի ռիսկեր է առաջացնում, որի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են։ Տակավին անհայտ է, թե ինչու քաղաքացիներին հստակ չեն ներկայացնում, թե ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացին կարող է կիրառել նույնականացման քարտը սահմանը անցնելու ժամանակ, և ե՞րբ դրա կիրառումը կարող է խնդիրներ հարուցել ճամփորդող քաղաքացիների համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև 2 պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից: