Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նորմալ ու լավ երկրների ղեկավարներն իրենց տիկնանց հետ, հիմնականում, հանրությանը ներկայանում են ինչ-որ նշանակալից իրադարձությանը մասնակցելիս: Օրինակ խոշոր օբյեկտներ բացելիս` թանգարաններ, կամուրջներ, հիվանդանոցներ, կրթական հաստատություններ, ռազմական համալիրներ, արդյունաբերական ձեռնարկություններ, արտադրական հզորություններ և այլն: Դա հենց ցուցիչ է, թե ինչ է կատարվում այդ երկրում, զարգանում է, թե ոչ:
Հաճախ նրանք ներկայանում են խոշոր տնտեսական ֆորումների, խելքը գլխին բարեգործական նախաձեռնությունների, որոնք կապված են իրական աջակցության ծրագրերի հետ, ենթադրենք պատերազմի մասնակիցների ընտանիքներին աջակցության ծրագրեր:
Արտաքին այցերի առումով նրանք, օրինակ, մշակութային մեծ միջոցառումների են մասնակցում` խորացնելով երկրների մեջ հումանիտար կապերը, այցելում են նշանակալի ցուցահանդեսներ, հանդիպում միջազգային նշանակության մշակութային գործիչների հետ, փորձում խրախուսել տարբեր նախագծեր նրանց և հայրենական գործիչների միջև: Նրանք երկիր են բերում ու կազմակերպում միջազգային միջոցառումներ, այլ ոչ թե Սնուփ Դոգի համերգ, որը չի էլ կայանում:
Երբեմն կազմակերպվում են դիվանագիտական ընդունելություններ, որոնց հրավիրում են կրկին դրսի կարևոր դիվանագիտական ու մշակութային գործիչներին: Կարող եմ երկար շարունակել, բայց կարծում եմ բավարար է: Երկրի առաջին դեմքերի վարքից կարելի է դատել այդ երկրի ընդհանուր մակարդակի մասին:
Իսկ ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված մեր երկրի ղեկավարն իր տիկնոջ հետ: Այո, ֆեյսբուք են վարում, ուր ցուցադրում են, թե ինչպես են հեծանիվ քշում, տոլմա եփում, գետնին նստած անգլերեն պարապում, կաֆեներում հաց ուտում և այլ հուզիչ տեսարաններ: Իհարկե, եղել են մեկումեջ արարողակարգային դեպքեր` թանգարաններ, համերգներ այցելելու և այլն, բայց դրանք այնքան բովանդակազուրկ ու հարկադրված արարողակարգ են եղել, որ նույնիսկ փորձենք, չենք էլ հիշի:
Ինչևէ, միիշտ մենք նրանց թերագնահատում ենք, կարծում, որ ավելի ընկնել անհնար է, բայց սխալվում ենք: Փաշինյանը սկսել է բանտային հուշեր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, իսկ նրա կինը համերգի է մասնակցել ինչ-որ քրեակատարողական հիմնարկում: Կարելի է մտածել, որ դա ինչ-որ կոդավորված հաղորդագրություն է, ներքին մղում, ձգտում: Ինչևէ, այս օրինակով գոնե հասկանում եք, չէ՞, թե ինչի մեջ ենք ազգովի: Ու պատկերացրեք, թե ինչպես են մեզ, որպես պետություն և ազգ, ընկալում դրսում: Թե դեռ չե՞ք պատկերացնում»։