Նախարարը դպրոցի տնօրենին հարցնում է՝ «հայրենիքը պետությո՞ւնն է»․ ԿԳՄՍՆ-ն հերքում է 
copy image url

Նախարարը դպրոցի տնօրենին հարցնում է՝ «հայրենիքը պետությո՞ւնն է»․ ԿԳՄՍՆ-ն հերքում է 

Ներքին 8 ամիս առաջ - 09:45 02-08-2024
«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյաննը վերջին շրջանում տարբեր դպրոցների տնօրենների է առանձին-առանձին հրավիրել իր մոտ, առանձնազրույց ունեցել, որոնց ժամանակ անդրադարձել է նաև քաղաքական հարցերի»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի դպրոցներց մեկի տնօրենը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Ճշտող հարցին՝ մասնավորապես քաղաքական ի՞նչ հարցեր է տվել ԿԳՄՍ նախարարը, դպրոցի տնօրենը պատասխանեց․

«Օրինակ՝ հարցրեց՝ Ձեզ համար հայրենիքը պետությո՞ւնն է։ Բոլորս էլ գիտենք, որ դրանք Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքերն են՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ»։ Ճիշտն ասած՝ ինձ համար անակնկալ էր, որ նախարարը կարող էր մասնագիտական, դպրոցին վերաբերող թեմաներից զատ նման հարցադրում անել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս հանդիպումների միջոցով ԿԳՄՍ նախարարը փորձում է դպրոցների տնօրենների քաղաքական կողմնորոշումը հասկանալ․

«Եթե յուրային չեն, ապա մի բան կգտնեն, որպեսզի ազատվեն տվյալ տնօրենից։ Վստահաբար սա Ժաննա Անդրեասյանի սեփական նախաձեռնությունը չէ, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմի, ի դեմս Նիկոլ Փաշինյանի»։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն, որտեղից հերքեցին այս տեղեկությունը։

«Վերջին շրջանում նախարարը որևէ հանդիպում դպրոցների տնօրենների հետ չի ունեցել՝ պայմանավորված ամառային արձակուրդներով։ Իսկ ընդհանրապես պարբերաբար լինում են աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են մասնագիտական հարցեր, մասնավորապես կրթության ոլորտի հետ կապված։ Այլ հարցադրումներ քաղաքական և այլ թեմաներով չեն քննարկվում, դրանց մասին տեղեկությունները կապ չունեն իրականության հետ, անհեթեթություն են»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից դպրոցի տնօրենին ուղղված հարցադրմանը՝ «Ձեզ համար հայրենիքը պետությո՞ւնն է», նախարարությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ քաղաքացու օրվա կապակցությամբ 2024 թվականի մարտի 4-ին հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ` «Հայրենիքը պետություն է» խորագրով:
Նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ պետք է ներկայացնեին յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխատանքի ընթացքը պետք է ներկայացվեր մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով: