Բախտի բացում՝ 30․000 դրամ, ամուսնական ծես՝ 40․000․ տիկտոկում մոգական «ծառայություններ» են մատուցվում
copy image url

Բախտի բացում՝ 30․000 դրամ, ամուսնական ծես՝ 40․000․ տիկտոկում մոգական «ծառայություններ» են մատուցվում

Ներքին 8 ամիս առաջ - 19:43 01-08-2024
Համացանցում՝ մասնավորապես Tik-tok հարթակում, տարածվում են էջեր, որոնց օգտատերերը հայտարարում են՝ օժտված են էքստրասենսոր, մոգական ունակություններով և կարող են օգնել մարդկանց թե՛ անձնական կյանքի, թե՛ աշխատանքի հարցում։ Նման պնդումը, բնականաբար, օգտագործում են շահույթ ստանալու նպատակով։

Նման գործունեության ամենատարածված միջոց է հանդիսանում բնակչությանը բազմաթիվ «ծառայությունների մատուցումը» և դրանց դիմաց վճարվելը։ Այդ «ծառայությունների» համար իրենց էքստրասենս կոչած մարդիկ ունեն նույնիսկ հատուկ գնացուցակ։

Oragir.News-ը ուսումնասիրել է տիկտոկյան այդպիսի օգտատիրոջ առաջարկած գնացուցակը՝

Զույգերի միացում-35000
Կապի ստեղծում-30000
Մաքրումներ-25000
Ամուսնական ծես-40000
Կախում ծես-30000
Անցյալ և ապագա-10000
3 հարց ապագայից- 5000
10 հարց ապագայից- 10000
Բախտի բացում-30000





Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՊԵԿ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այս ոլորտն ուսումնասիրվում է, և նման ծառայությունների համար այս մարդիկ հարկվու՞մ են։

ՊԵԿ-ից խոստացան հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում տալ։

Հաճախ էքստրասենսները նշում են, որ իրենց մատուցած «ծառայություններն» ու կատարած «ծեսերն» իրականացնում են աղոթքի միջոցով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև Հայ առաքելական եկեղեցու քահանայի հետ, ով նշեց, որ այս էքստրասենսները և մոգերը պարզապես մոլորեցնողներ են, և եկեղեցին չի ընդունում էքստրասենսներին։

«Ասում են՝ աղոթքով է, բայց այդպես չի, որովհետև իրենք իրենց պաշտամունքը Աստծուն չեն մատուցում և Աստծո անունով չեն անում, վստահելով իրենց էներգետիկ դաշտին, տիեզերական ուժերին։ Աղոթքն այն է, որ ուղղված է Աստծուն։ Մենք պարզ խնդրում ենք Աստծուն և հավատում ենք, որ Աստված կատարում է»,- ասաց քահանան։

Դիտարկմանը՝ ստացվու՞մ է՝ այս մարդիկ խաբեությամբ և խարդախությամբ գումար են վաստակում, հոգևորականը նկատեց․ «Եթե Աստծո անունից են ասում՝ այո՛, խաբեություն է։ Սակայն իրենք չեն ասում Աստծո անունից, իրենք ասում են՝ մենք մեր ուժով, մեր իմաստությամբ, մեր կարողությամբ բժշկում ենք և օգուտ ենք բերում, բայց դա խաբկանք է։ Իրենք պարզ ասում են՝ «մեր ուժը մեզնից է, մեր էներգետիկ դաշտից է, մեր զորությունից է»։ Իսկ մարդ իրենից ոչինչ անել չի կարողանում, անգամ՝ Նիկոդեմոսը Հիսուսին ասաց՝ ոչ ոք չի կարող ոչինչ անել, եթե Աստված նրա հետ չլինի։ Իսկ այդ մարդիկ ասում են՝ Աստծով չէ, որ անում են»,- նշեց նա։

Հարկ է նշել, որ շատ մարդիկ քննադատում են էքստրասենսներին՝ պնդելով, որ այս մարդիկ սովորական խաբեբաներ են և մոլորեցնողներ։ Սակայն մարդիկ կան, ովքեր ժամանակ և գումար են ծախսում էքստրասենսների մատուցած «ծառայություններից» օգտվելու համար՝ հույսով, որ կլինեն իրենց սիրելիների հետ կամ կունենան իրենց երազանքի աշխատանքը։

Փաստացի՝ իրենց գերբնական ուժով որակած մարդիկ, թակարդը գցելով խնդիրներ ունեցողներին, «գողանում են» նրանց գումարները։

Ամենից շատ դիտված