Սրի տակով անցկացնելու ծես․ վեթի՞նգ է սա, թե՞ բեթինգ
copy image url

Սրի տակով անցկացնելու ծես․ վեթի՞նգ է սա, թե՞ բեթինգ

Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:50 15-12-2023
Հանրության մեծ մասը հույս էր կապում դատական համակարգի բարեփոխման հետ, կարծում, թե վեթինգից հետո կլինի նաև լուստրացիա, իշխանությունը կմաքրվի ոչ միայն պատերի տակ վնգստացողներից, այլև անկախությունն ու ժողովրդավարությունն արհամարհողներից։ Բայց ու՞մ մտքով կանցներ, որ տեղի կունենա բարեվարքության ստուգման հետ աղերս չունեցող մի բան։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասում է՝ դատական վեթինգը 80 տոկոսով կատարված է, բայց չի մանրամասնում, թե ինչպես է կատարվել բարեվարքության ստուգումը։ Պաշտոնյայի՝ թեմայի առնչությամբ պարզաբանումներ տալուց հրաժարվելը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվել է ոչ թե վեթինգ, այլ Նիկոլ Փաշինյանի «սրի տակով» անցկացնելու ծես։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահը, կարծես՝ ակնարկում է, թե դատավորների 80 տոկոսն այդ ծեսին մասնակցել է։ Արդյո՞ք այս տոկոսը ճիշտ է։

ՀՀ-ում կա 309 դատավոր։ 80 տոկոսը կազմում է 247։ 200 դատավոր նշանակվել է հեղափոխությունից հետո։ ԲԴԽ նախագահի խոսքից ենթադրելի է, որ 200-ը նախքան դատավոր դառնալն է սրի տակով անցել, իսկ 47-ին զոռով կամ շանտաժով են անցկացրել։ Եթե, իրոք, այսպես է, ապա մարդիկ արդարադատության փոխարեն պիտի բախտին ապավինեն։ Եթե մարդու բախտը բերի, ու արդար դատավորի մոտ ընկնի իր գործն, ապա արդար վճիռ կստանա։ Իսկ եթե սրի տակով անցածի մոտ ընկնի, ապա կտուժի, քանի որ սրի տակով անցածից արդարադատություն ակնկալելն անիմաստ է։ Պատկերավոր ասած՝ մարդկանց համար այս վեթինգը մի սովորական բեթինգ է, փողով խաղարկություն։

Այնուամենյանիվ՝ բացառվում է, որ 247 դատավոր պատրաստակամություն հայտնի անարդար վճիռներ ընդունել, սպասարկել ՔՊ-ի խմբային նեղ շահերը։ Եթե այդպիսի բան լինի, ապա երկիրը կկործանվի Աստվածային ակնթարթում։ Հետևաբար Կարեն Անդրեասյանի ներկայացրած 80 տոկոսն իրականությանը չի համապատասխանում, բլեֆ է։

Վեթինգի բացակայության մասին է վկայում նաև այն, որ հանրությանը հայտնի չէ, թե ինչ չափանշներով կամ բալային համակարգով է ստուգվել դատավորների բարեվարքությունը։ Օրինակ՝ ավտոպահովագրողները բոնուս-մալուս համակարգ են կիրառում, ֆուտբոլում մրցավարը դեղին քարտով դիտողություն է անում, կարմիրով հեռացնում։ Բայց հանրությանը հայտնի չէ, թե ի՞նչ հիմքով կամ ինչի՞ց հետո են հեռացնում դատավորին կամ առաջարկում ազատման դիմում գրել։ Օրինակ՝ եթե դատավորի վճիռը եվրոդատարանում բեկանվել է, մեծ փոխհատուցում է պարտադրվել ՀՀ-ին, ապա այդ դատավորին ինչպես է վերաբերվում վեթինգ անողը՝ դեղին քա՞րտ է ցույց տալիս։ Իսկ եթե դատավորը պարզ գործը քննել է տարիներով, ապա «մալուս» են անո՞ւմ նրա միավորներից։ Կամ ինչպե՞ս են վարվել այն դատավորի հետ, որը վարչապետի աշխատակազմից զանգ ստանալուց հետո ոչ միայն սխալներով գրված հայցն է ընդունել վարույթ, այլև վճիռ կայացրել։ Այս վերջին դեպքում ու՞մ բարեվարքությունն են ստուգել, դատավորի՞, թե՞ վարչապետի աշխատակազմի ղեկավարի։

Վեթինգի ընթացքից գոհ չեն նաև իրավապաշտանները, իրավապահ համակարգի բարեփոխման ջատագովները։ Նրանց գնահատմամբ՝ եթե համակարգում մնում են անարդար վճիռներ ընդունած անփառունակները, ապա արժեզրկվում է վեթինգը, փշրվում դրա հետ կապված հույսն ու նվազում արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը։

Ի վերջո՝ վեթինգը կարող է դառնալ հանրային ձեռքբերում, եթե դրա արդյունքները հանրությանը մատուցվեն ամբողջությամբ՝ մարդիկ իմանան՝ որ դատավորն է համարվել բարեվարք, որը՝ չբարեվարք, իմանան զտման իրական հիմքերն ու լցվեն վստահությամբ, որ վեթինգից հետո ակնհայտ անարդար վճիռ չի ընդունվելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում