ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել
copy image url

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել

Արտաքին 8 ամիս առաջ - 11:17 24-07-2024
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:

«Ես կհրաժարվեմ Նյու Ջերսիից Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին աշխատանքի ավարտից հետո»,- ըստ Reuters-ի՝ նշել է Մենենդեսը նամակում:

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության և Եգիպտոսի կառավարութեան գործակալը լինելու մեղադրանքով։

«Չնայած՝ ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանի վճիռը, բայց ես չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում, որը կազդի նրա կարևոր աշխատանքի վրա»,- ասվում է նամակում:

9 շաբաթ տևած դատական լսումների արդյունքում դատարանը վճռել է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող երկարամյա օրենսդիրը մեղավոր է բոլոր 16 հոդվածներով՝ հազարավոր դոլարի կաշառք ստանալուց մինչև արդարադատության խոչընդոտում, օտար պետության շահերի օգտին գործունեություն։ Մենենդեսն իր դեմ մեկնարկած քրեական հետապնդման առաջին րոպեներից մինչև Մանհեթենի դաշնային դատարանի կողմից վճռի հրապարակումը պնդել է՝ ինքն անմեղ է և գործակալ չէ։

Մենենդեսն առաջին անգամ Սենատոր է ընտրվել 2006 թվականին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 13 տարի ծառայելուց հետո։ Այնուհետև նա 3 անգամ հաղթեց Սենատի ընտրություններում: Ավելի վաղ նա աշխատել է Նյու Ջերսիի օրենսդիր մարմնում և որպես քաղաքապետ:

Տասնամյակներ շարունակ նա եղել է ամերիկյան արտաքին հարաբերությունների ուժեղ ձայնը, վերջին անգամ հանդես գալով Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ օգնության օգտին, երբ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին դրդեց ավելի շատ գումար հատկացնել հակամարտությունների մեջ ներքաշված օտարերկրյա դաշնակիցներին: