Բաքվի չդադարող պահանջների ֆոնին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այսօր հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ «Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ անձամբ ոչ մի առաջընթաց չի տեսնում և Մեթյու Միլլերի հռետորաբանությունն ավելի շատ դիվանագիտական է։ «Եթե մենք փորձենք սա դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա նրա խոսույթը հետևյալն է․ մենք շարունակում ենք գործընթացը, այսինքն՝ ԱՄՆ-ը շարունակում է գործընթացը, շարունակում է բանակցային գործընթացի փաստացի միջնորդությունը՝ ակնկալելով, որ մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ում էլ են շատ լավ հասկանում, որ այս գործընթացի հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է։ Նա այս հարցում ամերիկյան կողմի համառությունը պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ այս գործընթացը նրանց համար ունի նաև որոշակի ներքաղաքական իմաստ․
«Բայդենի ադմինիստրացիան Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատումը պետք է իր համար որպես ձեռքբերում, որպես պլյուս գրանցի, ինչն էլ ձգտում անել։ Դեմոկրատները փորձում են սա նաև ներքին քաղաքականության մեջ օգտագործել, Միլլերի հայտարարության իմաստը սա է»։
Oragir.News-ի հարցին, թե անձամբ իրատեսական համարո՞ւմ է, որ մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման հնարավորությանը չի հավատում, որովհետև Ալիևի հռետորաբանությունը խոսում է հակառակի մասին։ Ըստ նրա՝ փաստ է, որ ԱՄՆ-ից Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրվում են, սակայն նաև փաստ է, որ Ալիևը շարունակում է դիմադրել և դա անում է տարբեր ուժերի աջակցությամբ։
«Ինչպես տեսնում ենք, Ալիևն արդեն Չինաստան է հասել և ստորագրել է ռազմավարական հարաբերությունների մասին պայմանագիր»,- նկատում է նա։
Ճշտող հարցին, թե Չինաստանը դե՞մ է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Ստեփանյանը պատասխանեց, որ Չինաստանը դեմ է ցանկացած իրողության, որը ձեռնտու է Միացյալ Նահանգներին։
Դավիթ Ստեփանյանը համաձայնեց այն դիտարկումների հետ, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի և ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների միջև կապ կա։
«Եթե դեմոկրատները հաղթում են՝ Քամալա Հարիսի, կամ որևէ այլ թեկնածուի գլխավորությամբ, վերջնական թեկնածուի անունը դեռևս հստակեցված չէ, ապա կարծում եմ, որ այդ ժամանակ Ալիևը չի կարողանալու ևս 4 տարի դիմադրել, ինքն այդքան ռեսուրս չունի, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է։ Եթե հաղթում է Դոնալդ Թրամփը, այստեղ եթեները շատանում են․ եթե նա հաղթի և շարունակի իր իզոլյացիոն քաղաքականությունը, իսկ սրանք եթեներ են, և մենք վստահ չենք՝ կլիե՞ն, թե՞ ոչ, այդ դեպքում խաղաղություն չի լինելու, որովհետև այսօր մեծ հաշվով կա մեկ դերակատար՝ ԱՄՆ-ը, որը կարող է և հնարավորություն ունի ճնշում գործադրելով Ադրբեջանին ստիպել Հայաստանի հետ գնալ խաղաղության։ Այլ դերակատարի ես անձամբ չգիտեմ»,- շեշտեց նա։
Քաղաքագետը հավելեց, որ Եվրոպական միությունը կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել, որոշակի պայմաններում թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակում գործի, սակայն չի կարող Ալիևին պարտադրել, որ վերջինս Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի։ «Հայաստանն էլ, բոլորս գիտենք, ցավոք այս պահին այդ հնարավորությունները (Ադրբեջանին պարտադրելու-խմբ․) չունի»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան