«Մինչև առաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930 թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կառլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին… Գևորգ Էմին… Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»,- իր գրական մկրտության մասին պատմում է Գևորգ Էմինը:
Այսօր բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի հիշատակի օրն է։

Գևորգ Էմինը նորարար էր, լինելով չարենցյան դպրոցի աշակերտ՝ նա նոր երանգներ հաղորդեց հայ գրականությանը։
Էմինը գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։

Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս - 69» և Լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։
Գևորգ Էմինը նորագույն գրականության լուսավոր անուններից էր, պայքարող տեսակ․․․

Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:
Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:
Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:
Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել: