Երեխաները քանդված ասֆալտի վրա են խաղում, փոշի շնչում, խաղահրապարակ չկա

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:59 11-07-2024
Երևանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղի) քանդված փողոցները միակ խնդիրը չեն տեղի բնակիչների համար։ Քաղաքացիներից մեկը բարձրացրեց մանկապարտեզի խաղահրապարակի հարցը։ Երեխաները ստիպված խաղում են փողոցում, որտեղ անընդհատ մեքենաներ են անցնում։

Վերջին շրջանում այստեղ ջրագծի կառուցման աշխատանքներ են ընթանում։ Քանդված փողոցներից բարձրացող փոշին ազդում է երեխաների առողջության վրա, երեխաները հաճախ են ընկնում, վնասվում։ Այս խնդիրները չէին լինի, եթե մանկապարտեզի տարածքում խաղահրապարակ կառուցվեր․ Oragir.News-ի հետ զրույցում նշեց 4-րդ գյուղի բնակիչը։

«Այսքան ծախս արեցին մանկապարտեզի վրա, միլիոնների ծախս, մի խաղահրապարակ երեխաների համար չսարքեցին։ Նայե՛ք, թե ինչքան ավեր տարածություններ կան։ Հիմա մեր թաղի, մյուս թաղերի երեխաները այ այս ասֆալտի վրա գնդակ են տշում, ամեն օր ապակի է կոտրվում, ամեն օր գնդակ է ծակվում, ընկնում են ասֆալտի վրա, իրենց են վնասում»,- վրդովված ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն այցելել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), որտեղ արդեն մի քանի ամիս շարունակ նոր ջրագիծ կառուցելու աշխատանքներ են իրականացվում, ինչի հետևանքով քանդել են տարածքի բոլոր ճանապարհները։

Մանրամասները՝ տեսանյութում։