Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվում, այլև օրեցօր ավելի է խորանում և նոր խնդիրների առաջացման պատճառ դառնում։ Չհանգուցալուծվող ճգնաժամի առկայության պայմաններում՝ մարդիկ ժամանակ առ ժամանակ փողոց են դուրս են դուրս գալիս, մասնակցում ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի իշխանափոխության հասնել և որոշ չափով կայունացնել իրավիճակը, սակայն, երբ այդ պայքարները տապալվում են, կամ կարճ ժամանակում հաջողության չեն հասնում, հանրության հիասթափությունն էլ ավելի է խորանում։
Նման իրավիճակի բախվեցինք, երբ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որին մասնակցում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մի շարք պատճառներով չկարողացավ կայծակնային արագությամբ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ու նոր իշխանության ձևավորմանը։
Սրան զուգահեռ հանրության և քաղաքական դաշտի ներկայացուցիչների մի մասն էլ ստեղծված իրավիճակը հանգուցալուծլու նպատակով առաջարկում է կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն այնքան է թուլացել, որ այլևս չի կարող կրկնել 2021 թվականի սցենարն ու վերարտադրել սեփական իշխանությունը։
Հայաստանում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման քննարկումների ֆոնին «Գելլափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը հանրային կարծիքի ուսումասիրություն է իրականացրել, որի արդյունքում բավականին ուշագրավ և մտահոգիչ տվյալների են արձանագրվել․
Հարցին, թե առաջիկա կիրակի օրը եթե ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք՝ հարցվածների ամենամեծ խումբը՝ 32․5%-ը, պատասխանել է, որ ընտրություններին չի մասնակցի, 22․5%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 8․6%-ը նշել է՝ ոչ ոքի չի ընտրի։ Հարցվածների 14․4%-ն ասել է, որ կքվերակի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 3․7%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 3․5%-ը՝ ԴՕԿ կուսակցության, 2․3%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1․5%-ը՝ Բագրատ Սրբազանի, 1․2%-ը ԲՀԿ-ի, իսկ 0․6%-ը՝ «Հանրապետություն» կուսակցության։
Հետազոտության արդյունքները մտահոգիչ են մի շարք առումներով․ նախ դրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի վստահում ընտրական գործընթացներին և նախընտրում է առհասարակ չմասնակցել դրանց։ Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բացակայությունն արտահայտվեց հատկապես նախորդ տարի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որոնց մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 28%-ը, իսկ հետագայում տարբեր կոմբինացիաների կիրառմամբ իշխանություն ձևավորած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»-ը՝ 9% տոկոսը։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններին չմասնակցած, սեփական քվեաթերթիկն անվավեր դարձրած քաղաքացիների, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվում են ընտրական շեմը հաղթահարած ուժերի միջև՝ ըստ իրենց ստացած քվեների համամասնությանը։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել բնակչության միայն 30-35%-ը, ինչը նշանակում է, որ 14․4% աջակցություն ունեցող ՔՊ-ն կստանա 44․3%, Հայաստան» դաշինքը՝ 11․38%,ԴՕԿ կուսակցությունը՝ 10․76%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7․07%, Բագրատ Սրբազանը՝ 4․61%, ԲՀԿ-ն՝ 3․69%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1․84%։
Եթե արտահերթ ընտրություններում նման արդյունքներ արձանագրվեն, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»-ը կրկին խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կստանա և առանց որևէ դժվարության կկարողանա ընդունել ցանկացած օրենք։ Չնայած ՔՊ-ի մանդատները որոշակիորեն պակաս կլինեն սահմանադրական փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ ⅗-ից, սակայն այս դեպքում էլ իշխող կուսակցությունը կզբաղվի մանդատագողությամբ, որի փորձը Երևանի ավագանու օրինակով արդեն ունեցել է։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունն այլևս չի վստահում մեր երկրում գործող քաղաքական ուժերից ոչ մեկին՝ նախընտրելով առհասարակ բոյկոտել ընտրական գործընթացները։ Սա հանգեցնում է քաղաքացիների շրջանում առկա անկումային տրամադրությունների խորացմանը, Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհ քաղաքացիների հիասթափության ու արտագաղթի տեմպերի մեծացմանը, քանի որ հիշյալ քաղաքացիների շրջանում ամրապնդվում է այն տեսակետը, որ գործող իշխանությանն անհնար է հեռացնել և ցանկացած պարագայում վերջինիս հաջողվելու է վերարտադրվել։
Բացի այդ, թեպետ հարցման արդյունքները փաստում են, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի վարկանիշները նվազել են, այդ թվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ինը, սակայն վերջինս շարունակում է վայելել հանրության ամենամեծ խմբի՝ 14․4%-ի վստահությունը։ Հայաստանում առկա տոտալ ապատիայի և ընտրական գործընթացների անվստահության պայմաններում ՔՊ-ին հաջողվում է եռապատկել, երբեմն անգամ քառապատկել իր ունեցած հանրային վստահությունը, ստանալ ընտրության մասնակցած քաղաքացիների 40-45%-ի ձայները, վերարտադրվել, իսկ հետագայում պնդել, որ իրենք վայելում են հանրության մեծամասնության վստահությունը։
Այլ կերպ ասած՝ ուժայիններից զատ Նիկոլ Փաշինյանի հենարանը մնացել են քաղաքական այլընտրանքի բացակայությունը և հանրության շրջանում առկա ապատիան, որը վերջինս լավագույնս կարողանում է օգտագործել ու վերարտադրել սեփական իշխանությունը։ Սրա հետևանքով հանրության ամենամեծ հատվածը, որը մի կողմից դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարումից, սակայն մյուս կողմից նրան իրական այլընտրանք չի տեսնում, էլ ավելի է հուսահատվում՝ շատ հաճախ նախընտրելով արտագաղթել, ինչը նույնպես բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից։