Պարոն վարչապետ, իմ 1,2 միլիոնը փոխանցեմ ձեզ, կորցրածս գույքը գնեք, տեսնեմ՝ կկարողանա՞ք․ աղետի գոտու բնակիչ
copy image url

Պարոն վարչապետ, իմ 1,2 միլիոնը փոխանցեմ ձեզ, կորցրածս գույքը գնեք, տեսնեմ՝ կկարողանա՞ք․ աղետի գոտու բնակիչ

Ներքին 9 ամիս առաջ - 13:20 05-07-2024
Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Սանահին կայարան թաղամասի բնակիչները լսել են Կառավարության նիստում իրենց վնասները փոխհատուցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյնաի և ՆԳ նախարարի հայտարարությունը ու տարակուսել։

Կառավարությունը ջրհեղեղից տուժած բնակավայրերում ամբողջությամբ կփոխհատուցի 16 բնակարանի և 2 առանձնատան ձեռքբերման գումարը։

263 վնասված, փլուզված առանձնատներից 98-ի համար 1 քմ տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազարական դրամ, մյուսներին 40 հազարական դրամ։

Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1,2 մլնական դրամ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազարական դրամ մյուս բնակավայրերում:

Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում են, աղետի առաջին օրերին բոլոր բնակարաններով շրջում և գույքագրում էին վնասը, իսկ այսօր բոլորին 1,2 միլիոն և 800 հազար դրամ են տրամադրելու կենցաղային գույքի համար։

«Ուզում եմ հասկանալ, թե ո՞նց են որոշել այդ գումարը։ Իմ տանը սառնարան է եղել, 2 հեռուստացույց, լվացքի մեքենա, գազօջախ։ Բացի այդ ամբողջ կահույքը՝ մահճակալներ, պահարաններ, սպիտակեղեն, հագուստ, ամեն-ամեն ինչ ավիրվել է։ Այդ գումարով Փաշինյանը կամ իր նախարարները կարո՞ղ են այդ ամենը գնել։ Ես որոշել եմ այդ գումարը ստանամ, փոխանցեմ Փաշինյանին, ասեմ՝ պարոն վարչապետ, դե այդ գումարով իմ կորցրած գույքն ու տեխնիկան գնեք, տեսնեմ՝ կկարողանա՞ք։ Ես հասկանում եմ, դժվար է, աղետ է եղել, բայց նախ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ գումարի խնդիր չունեն, երկրորդ, եթե այսքան կոպեկներ էին տալիս, ինչո՞ւ էին հերթով բնակարանները մտնում և գույքագրում կատարում։ Հիմա արդեն պարզ է, մեր հաշվին, աղետի ֆոնին նկարվում ու գովազդվում էին, թե աշխատում էին։ Թող Փաշինյանն իմանա, որ բնակիչներն ահավոր դժգոհ են․․․»,- ասաց աղետի գոտու բնակիչը։

Ալավերդու բնակիչներից մեկ ուրիշն էլ ասաց, որ թաղամասում նախօրեին օգնություն են բաժանել բնակիչներին, բայց ընտրովի եղանակով․

«Մեկին արդուկ են տվել, մյուսին՝ միկրոալիքային վառարան։ Որ հարցրել են՝ բա մեզ ինչո՞ւ չեք տալիս, պատասխանել են՝ ձեզ չի հասնում։ Նաև մի քանի սպիտակեղեն են բաժանել։ Մի խոսքով՝ անհասկանալի ձևով է օգնությունը բաժանվում բնակիչներին․․․»։

Նշենք, որ աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով։