Գործը որ քաղաքապետարանի հույսին մնաց, մենք էս տարի էլ դոմիկում կմնանք. բնակարանի շահառու
copy image url

Գործը որ քաղաքապետարանի հույսին մնաց, մենք էս տարի էլ դոմիկում կմնանք. բնակարանի շահառու

Ներքին 9 ամիս առաջ - 22:12 24-06-2024
Oragir.News-ը հայտնել էր, որ հունիսի 13-ին Գյումրիում բնակարանամուտ է եղել, անօթեւան 50 ընտանիքի տրվել է բնակարան։

Բնակարանամուտից մոտ տասը օր անց բնակիչները դեռևս չեն կարող նոր բնակարան տեղափոխվել։

Բնակարանի շահառուներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Զանգել եմ «Հայաստան համահայկական հիմնադրամին», ասել են` մենք մեր գործը արել, ավարտել ենք, մնացած հարցերը քաղաքապետարան տիրույթում է։ Դե որ գործը քաղաքապետարանի հույսին մնաց, մենք էս տարի էլ դոմիկում կմնանք։ 30 տարուց ավել ոչ մի բան չարեցին, հիմա էլ էսպես ձգձգում են, չեն ասում, որ էս մարդիկ մեղք են, բանալիները տանք, գնան՝ մարդավարի ապրեն»:

Մի քանի բնակիչներ դիմել են Oragir.News-ին, որպեսզի բարձրաձայնվի իրենց խնդիրը, և հստակ ժամկետներ ներկայացվեն, թե երբ են տեղափոխվելու իրենց բնակարանները։

Oragir.News-ը պարզաբանում է ստացել «Հայաստան Համահայկական հիմանդրամից»: Մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ իրենք իրենց գործն արել են, մնացել են փաստաթղթային հարցերը, որը քաղաքապետարանը պիտի կազմակերպի։

Գյումրիի քաղաքապետարանից ևս փորձեցինք պարզաբանում ստանալ։

Քաղաքապետարանից հայտնեցին, որ բնակարանների հարցը կադաստրի կոմիտե են փոխանցել, այս պահին սպասում են պատասխանի։ Եւ դարձյալ ոչ մի խոսք ժամկետների մասին։

Հիշեցնենք որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով Գյումրիի Մուշ թաղամասում բնակարաններ են հանձնվել 1988-ի Սպիտակի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած անձանց, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։ Նշենք որ 2 բնակելի շենք է կառուցվել։

7-հարկանի նորակառույցներում կան 16 հատ մեկսենյականոց, 22 երկսենյականոց և 12 երեքսենյականոց բնակարաններ։

50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: