Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ նախատեսվում է 2024թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Օragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը տեղեկացրեց, որ 25-օրյա հավաքներն անցկացվում են արդեն բավականին երկար ժամանակ, ինչ օրենքը ընդունել են։ Մինչ դա՝ մարդկանց տանում էին 3-ամսյա կամ այլ ժամկետներով հավաքների, հիմա տանում են այդ 25-օրյային, ու դա արդեն 1 տարուց ավելի է, ինչ գործում է։
Ներկայացնելով հավաքների նշանակությունը փորձագետը հավելեց․
«Ըստ էության՝ մարդկանց համար պարտադիր զինծառայության նոր տեսակ են ներմուծել, և վերոնշյալ հավաքները հաճախ օգտագործվում են որպես պատժի միջոց ընդիմությանը ճնշելու, ընդիմադիրներին սպառնալու համար։ Այդ մասին բազմիցս բացեիբաց խոսվել է, նաև վերջրս լույս տեսած «Քաղաքական իրավունքների հայական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի զեկույցն այդ մասին ներկայացվել է»։
Խոսելով ՀՀ-ի պաշտպանունակությունից Վրթանեսյանը նկատեց.
«Իմ կարծիքով՝ այդ 25-օրյա հավաքները որևէ կերպ Հայաստանն ավելի պաշտպանունակ չեն դարձնում, որովհետև հնարավոր չէ 1 շաբաթում՝ մարդուն դիրքապահ դարձնել։ Ինչքանով ես եմ զրուցել հավաքներին մասնակցած մարդկանց հետ, պարզվել է՝ դա բարձիթողի ինչ-որ բան է»։
Հարցին, թե կազմակերպվող զորավարժանքները առնչություն ունե՞ն հնարավոր պատերազմի մասին կանխատեսումների հետ, Վրթանեսյանը պատասխանեց․
«Պատերազմի վտանգը մեր գլխին միշտ էլ կախված է, և այդպես կլինի այնքան ժամանակ, քանի Հայաստանի ղեկին մի մարդ է, ով անըդհատ Հայաստանի պաշտպանունակությունը քանդում է։ Ըստ էության՝ եթե բանակը ավերում են, պարզ է, որ Ադրբեջանը միշտ էլ պատերազմի ախորժակ ունենալու է»։
Հիշեցնենք՝ տարեսկզբին մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոններ կանխատեսել էին, որ 2024-ի վերջին հնարավոր է՝ պատերազմ սկսվի Հայաստանի դեմ։
Նշենք նաև, որ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն, ըստ ՊՆ-ի՝ պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: