«Ստամբուլի աչք» Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ընդգրկվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում
copy image url

«Ստամբուլի աչք» Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ընդգրկվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում

Արտաքին 10 ամիս առաջ - 23:00 18-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չերչիլին, Պիկասոյին, Փարաջանովին և այլ համաշխարհային հռչակ ունեցող գործիչներին իր տեսախցիկով անմահացրած «Ստամբուլի աչքի»՝ պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ նախարարության կողմից որպես «երեխաների բարեկամ» 170 գիրք է առանձնացվել, որոնց շարքում տեղ է գտել նաև Արա Գյուլերի գիրքը։

Ցանկում տեղ են զբաղեցրել նաև «Պոլյաննա», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ո՞վ էր Մուհամեդ Ալին», «Լեոնարդո դա Վինչին և նրա սուպեր ուղեղը», «Հայդի», «Երջանիկ արքայազնը» և «Դեդե Քորքութի հեքիաթները» գրքերը։

Այս նախաձեռնության վերաբերյալ Թուրքիայի վերոհիշյալ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երեխաների զարգացմանը նպաստելու նպատակով կազմված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է շուկայում առկա տպագիր ստեղծագործությունները և առանձնացրել երեխաների համար ամենաօգտակար գրքերը։

Հանձնաժողովը կազմված է հոգեբաններից, երեխաների զարգացման մասնագետներից, սոցիոլոգներից, ուսուցիչներից և սոցիալական աշխատողներից։ Գրքերի գնահատման ձևը մշակվել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքը և զարգացման առանձնահատկությունները։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկան հասակում։