Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից, հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43-ամյա բնակիչ Կարապետ Պողոսյանի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:
Oragir.News-ը կապ է հաստատել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կնոջ՝ Անգին Մալխասյանի հետ։
«Մեկ ամսով կալանավորել են։ Չգիտենք, թե որ ՔԿՀ կտեղափոխեն։ Բայց այն, որ ապօրինի որոշում է կայացվել, և շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել, դա փաստ է։ Դատարանը հաշվի չի առել խնամքին երեխաներ ունենալու փաստը։ Բացի դա՝ ամուսինս ճնշման խնդիր ունի։ Ես էլի եմ ասում, որ սպասելի էր նման ապօրինի որոշումը, մեզ համար զարմանալի ոչինչ չկա»,- ասում է Անգին Պողոսյանը։
Իրավապաշտպանի կինը նշում է նաև, որ ամուսինը քաղաքական հայացքներ ունի, որոնցով պայմանավորված մշտապես եղել է իրավապահ համակարգի տեսադաշտում։