«Շատ վախենալու էր, սկզբում մանր քարեր էին թափվում, հետո քարերը սկսեցին ամեն կողմից թափվել, ու արդեն հետո, մեծ քարերն ընկնելով, փակեցին ճանապարհը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց մեր ընթերցող Հասմիկ Գևորգյանը, ով օրեր առաջ Հալիձոր-Տաթև ավտոճանապարհով երթևեկելիս, հրաշքով փրկվել էր խոշոր քարաթափումից։
Նրա խոսքով՝ այդ ճանապարհին ՏԿԵՆ-ի աշխատակիցներ են եղել։ Գնացել, իրենց ասել են, որ քարաթափում է եղել։ 2 ժամ սպասելուց հետո մասնագետները եկել և քարերը հեռացրել են ճանապահից, որից հետո այն դարձել է անցանելի։
«Այդ հատվածներում, աշխատանքներ չեն իրականացնում քարաթափումը կանխելու համար, և որևէ նախազգուշացնող նշաններ չկան, որ վարորդները զգոն լինեն։ Եթե մառախուղ լիներ, մենք դժվար թե՝ ողջ կմնայինք։ Ինչ ճանապարհներով ենք մենք Տաթև հասել՝ զարմանում եմ, որ ողջ ենք մնացել»,- ասաց Հասմիկը։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ճանապարհի արգելապատնեշների վրա արտացոլիչների բացակայությանը, որն էլ բազմաթիվ վթարների պատճառ է հանդիսանում։
Նշենք, որ Հալիձոր-Տաթև ավտոճանապարհը Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի հատվածն է, և այդ ճանապարհով երթևեկում են նաև առևտրային նշանակության բեռնափոխադրումներ կատարող ծանր բեռնատարները։
Մանրամասները՝ տեսանյութում։