2018-ի հեղափոխությունից հետո փոխվեց իշխանությունների վերաբերմունքը առաջնահերթությունների նկատմամբ։ Այդ վերաբերմունքի փոփոխությունն անդրադարձավ նաև հայ ժողովրդի վարքի, կերպարի վրա։ Հետևապես՝ կարելի է ասել, որ ՔՊ-ական իշխանությունների թիրախը հանրության վարքն էր, ժողովրդի և հայի կերպարը։ Հատկապես սուր էր դրված վարպետության և ինտելեկտուալների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։
Աշխարհի և օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանի հեռանալը Հայաստանից մի շարք հարցեր առաջացրեց։ Շատերի գնահատմամբ՝ դա կազմակերպված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինքը՝ Լևոն Արոնյանը, հարցազրույցներում պատմում է, որ ՔՊ-ական իշխանությունների՝ շախմատի զարգացման և շախմատի վարպետների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքն է եղել հեռանալու պատճառը։ ՔՊ-ականներն, իրո՞ք, շահագրգռված էին, որ Լևոն Արոնյանը հեռանա Հայաստանից։
Հեղափոխականները փոփոխում են արժեքներն ու նորմերը, քանի որ այդպիսով ուզում են ունենալ նոր որակի հասարակություն, ժողովուրդ, ազգ։ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո հասարակության որակը փոխվեց։ Նույնպիսի փոփոխություններ են եղել նաև եվրոպական այլ երկրներում քաղքենիա-ժողովրդավարական հեղափոխություններից հետո։
2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո ևս խնդիր է դրվել փոխել ժողովրդի դիմագիծը, պատկերավոր ասած՝ հայի կերպարը։ Այսինքն՝ խնդիր են դրել հասնել այն բանին, որ հայ ասելով, նկատի ունենան առևտրով զբաղվող, ցածր կրթական մակարդակ ու ապաքաղաքական հետարքրություններ ունեցող, մի քիչ բթամիտ, հումորի զգացումից ու վերլուծական մտածողությունից զուրկ, իրականությանը ոչ համարժեք արձագանքող, վարպետությունն արհամարհող, հրաշքին չհավատացող մարդու։
Այսպիսի կերպարի կերտումը գործնական նաշնակություն ունի։ ՔՊ-ի կարծիքով՝ վարպետները, կիրթ, հավասարակշռված, հոգեբանորեն առողջ և ինտելեկտուալ մարդիկ իրենց ընտրողը չեն։ Եվ այս պատճառով ՔՊ-ն իր իշխանությունը պահպանելու համար հալածում է նրանց, զրկում միջոցներից, սահմանափակում նրանց հանրային ազդեցությունը։
Այս պատճառով նախկին ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը ժամանակին ոչ համարժեք վերաբերմունք է դրսևորել ՀՀ-ում շախմատի զարգացման հարցում, կասկածի տակ առել Լևոն Արոնյանի ներդրումն այս գործում։ Այսինքն՝ ոչ թե նախկինների հետ ասոցիացիան կամ կոռուպցիոն կասկածները, այլ հավաքական հայի կերպարի աղավաղումն է եղել շախմատի և վարպետների նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի պատճառը։ Նույն պատճառով վերացվեցին նաև վաստակավորի, ժողովրդականի կոչումները։ Կրթությունը, գիտությունը, մշակույթը, հավանաբար, չեն հետաքրքրում Փաշինյանի թիմին։ Իսկ սպորտից հետաքրքում են այն մարզաձևերը, որտեղ ինտելեկտուալ մեծ ներդրում չի պահանջվում։
Տվյալ դեպքում՝ Լևոն Արոնյանի ներկայությունը ՀՀ-ում փաստում էր հակառակը, որ հայը կիրթ է, ինտելեկտուալ հակումներ ունի, հաղթող է, վարպետ է։ Այսինքն՝ ՔՊ-ի թիրախը եղել է կոնկրետ Լևոն Արոնյանը։ Ենթադրելի է, որ եթե նա չհեռանար, ապա իշխանությունները ճնշման կամ հալածանքի միջոցներ կկիրառեին նրա նկատմամբ, որպեսզի նրա կերպարով չընդհանրացվեր հավաքական հայի կերպարը։
Պարզ ասած՝ ինտելեկտուալների նկատմամբ խտրական մոտեցումը նպատակ ունի իջեցնել ժողովրդի ազգային և քաղաքական հետաքրքրությունների մակարդակը, ինչը աղետալի հետևանք կունենա։ Երբ անվտանգային սպառնալիք ծագի, ապա վարպետներին չհարգողները ոչ համարժեք կարձագանքեն, չեն հասկանա, թե որտեղից է գալիս վտանգն ու ինչպես կարող են դրան դիմագրավել։
Թաթուլ Մկրտչյան