Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին

Ներքին 10 ամիս առաջ - 11:44 29-05-2024
Նախարարն առաջարկ արեց, որ գաք, զրուցեք իր հետ, այս պահին այս դրսևորմամբ բախման եք տանելու:

Այս մասին ՆԳՆ շենքի դիմաց ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին։

«Հետո որ էն ասում եք լակոտի հետ կապված, ես նկատի եմ ունեցել այն, որ մեքենայի անիվ են ծակում, էն որ մեքենային են ոտքերով հարվածում»,- ասաց Հովհաննիսյանը։

Սրբազանն էլ հարցրեց՝ դագաղ դնողները լակոտ չե՞ն, ոստիկանապետն ասաց․ «Ես ուրիշ հարցի չեմ պատասխանում, ես իմ ասածի պատասխան եմ տալիս, ես նկատի եմ ունեցել նրանց, ովքեր ոստիկանության մեքենայի անիվներ էին ծակում, վնասում»։

«Քաղաքացիները իրավունք ունեն պատասխան պահանջելու ոստիկանների բոլոր գործողությունների համար։ Բախումով ոչ ոքի չվախեցնեք, մենք խաղաղ կանգնած ենք այստեղ, մեր իրավունքներն ենք պահանջում։ Երկու օր առաջ տեղի է ունեցել գազանական քայլ պատգամավորի նկատմամբ, երկրորդ պարագան Ամենայն Հայոց Վեհափառի մուտքը արգելվել է Սարդարապատի հուշահամալիր, երրորդ՝ պիտակավորել եք այս մարդկանց»,- ոստիկանապետին պատասխանեց Բագրատ Սրբազանը։

Այդ ընթացքում ցուցարարները ամո՛թ, ամո՛թ կոչերով դիմում էին ոստիկանապետին։

Բագրատ Սրբազանն էլ ասաց, որ եթե ոստիկանապետը ասում է լակոտություն մեքենայի անիվին հարվածողին, պետք է ասեք՝ լակոտություն է նաև ոտք կոտրող ոստիկանի արարքը։

Ոստիկանապետն էլ նշեց, թե պատժվելու են սխալ թույլ տված իրենց աշխատակիցները։

Վեհափառի մուտքի արգելքի ժամանակ հստակ պատասխանել է խոսնակը, որ ցուցակ է եղել ովքեր են մասնակցելու միջոցառմանը։

Հարցին՝ ժամ եղե՞լ է նշված, որ Վեհափառը կամ այլ մարդիկ իմանային, թե երբ չեն կարող մոտենալ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու, Հովհաննիսյանն ասաց, որ եղանակային վատ պայմանների պատճառով է ուշ կայացել պետական արարողակարգը։

«Սադրիչ հարցեր մի տվեք, չեմ պատասխանելու, ես եկել եմ կազմակերպչի հետ խոսելու, հարցերի չեմ պատասխանում»,- ասաց Հովհաննիսյանը։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ասաց, որ այսօր օրվա մեջ նախարար Վահե Ղազարյանը կընդունի Բագրատ Սրբազանին։