Ամիսներ շարունակ գիտական համայնքն ու քաղհասարակության ներկայացուցիչները ահազանգում էին, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ սխալներով դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում։ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի հեղինակավոր գիտնականները 31 էջից բաղկացած ընդգրկուն նկատառումներ էին ներկայացրել։ Մասնագետները խնդրում էին ԿԳՄՍՆ-ին կասեցնել դասագրքի կիրառումը։ Սակայն նրանց քննադատությունը հաշվի չառան կրթական քաղաքականություն որոշողները, պատճառաբանելով, որ դասագիրքը համապատասխանում է Հանրակրթական նոր չափորոշիչներին։
Եվ ահա այսօր ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհային նոր մրցույթ է հայտարարում՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 1-ին, 4-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար: Ի՞նչ կարելի է սպասել։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի նման խայտառակ սխալներով լի դասագրքեր չեն հաղթելու։
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ քննարկումներն ու քննադատությունները ի ցույց դրեցին, որ քաղաքական պատասխանատուները չեն կարողանում պարզ ներկայացնել նոր չափորոշիչները։ Այսօր հրապարակված դրամաշնորհային հրավերում էլ պարզորոշ չէ, թե ինչ չափորոշչով են ընտրելու հաղթողին։
Ենթադրելի է, որ դրամաշնորհային հայտի անորոշությունը միտումնավոր է արված, որպեսզի հետո անցանկալի հայտերը մերժելու ժամանակ ասեն, թե հայտը չի համապատասխանում չափորոշիչներին։ Եթե պարզ նշեն չափորոշիչները, ապա դրամաշնորհային մրցույթում պարտվողը կարող է հիմնավորել, որ իր հայտը բավարարում է պահանջներին, իսկ հաղթողինը՝ ոչ։ Անորոշությունը նաև կոռուպցիոն կասկածներ առաջացնում, քանի որ դասագրքի համար հարկատուների միջոցներից մեծ գումարներ են հատկացվելու մրցույթը շահողին։ Օրինակ՝ փորձաքննությունը և սահմանված շեմն անցած, հաղթող ճանաչված 12-րդ դասարանի յուրաքանչյուր դասագրքի համար տրվում է առավելագույնը 6 միլիոն 3 հարյուր հազար դրամ, ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։
Հոռետեսորեն կարելի է ենթադրել, որ անորոշությունը կապված է արտաքին թելադրանքի հետ։ Այսինքն՝ կա քաղաքական ցենզ, որը թելադրված է ռուս-թուրք-աադրբեջանական թշնամիների կողմից։ ՔՊ-ական իշխանությունները չեն կարող պարզ ասել այդ մասին, քանի որ կկորցնեն ժողովրդականությունը։ Չեն կարող նաև չբավարարել թշնամիների պահանջները, քանի որ, ենթադրաբար, ունեն վախեր։
Մեկ այլ վարկածով՝ երկար պաշտոնավարելու նկրտում ունեցող ՔՊ-ն ձգտում է հնարավորինս իջեցնել քաղաքացիների կրթական մակարդակը, համապատասխանեցնել ՔՊ-ական պատկերացումներին, որպեսզի վաղվա քաղաքացուն հեշտ լինի մանիպուլացնել, դարձնել ՔՊ-ի ընտրող։ Ենթադրելի է, որ 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը կլինի ցածրորակ, լի սխալներով, թուրքամետ, ռուսամետ, ադրբեջանամետ տեքստերով ու քարտեզներով, 2018-ի հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի մասին ընդարձակ ու դրական նկարագրություններով։ Իսկ պարտությունների ու ձախողումների ամբողջ մեղքը կշաղկապեն նախկինների սխալների հետ։ Ուշագրավ է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի առաջարկի, չկա «Հայաստանի պատմություն» առարկան։
Տարօրինակ խտրականություն կա դրամաշնորային հրավերի առարկաների անվանացանկում։ Լեզուների շարքում անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը գրված են փոքրատառով, իսկ ռուսերենի փոխարեն գրված է «Ռուսաց լեզու»։ Այսպիսի խտրական մոտեցումը հավելյալ վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը ռուսական ազդեցությունը նվազեցնելու և անկախության պաշտպանության ուղղությամբ քայլեր չեն անելու նաև առաջիկայում։ Այսինքն՝ ազգային շահերի, հետաքրքրությունների տեսանկյունից առաջընթաց ակնկալելն անիմաստ է այս իշխանությունների օրոք։
Սակայն այս հոռետեսությունը պիտի չվանի իրական և նվիրյալ մասնագետներին։ Գիտական համայնքը և կրթության փորձագետները ոչ միայն կարող են, այլև պարտավոր են մասնակցել այս մրցույթին, լավ դասագրքերի հայտեր ներկայացնել։ Այսինքն՝ խիստ քննադատող, ՔՊ-ական իշխանություններին ապաշնորհ, ազգադավ որակող, նախկինում կազմված դասագրքերից դժգոհ մարդիկ կարող են ներկայացնել դպրոցական լավ դասագրքերի հայտեր։ Եթե դրանք չանցնեն կոռուպցիայի կամ այլ մութ գործարքների պատճառով, ապա հետո, երբ հաղթած դասագրքերի դեմ բողոքի ցույց և մասնագիտական քննադատություն լինեն, մարդիկ կկարողանան հիմնավոր կերպով հիշեցնել, որ ներկայացվել էին ավելի լավ դասագրքեր, սակայն Նիկոլ Փաշինյանն ընտրել է դրանց շարքում ամենավատն ու սխալներով առատը։
Պարզ ասած՝ առաջիկա ամիսներին գիտական համայնքը, մասնագետները, հեղինակավոր ուսուցիչները կարող են կազմել իրենց պատկերացրած լավագույն դպրոցական դասագրքերը, մասնակցել մրցույթին և փորձել հաղթել։ Հաշվի առնելով այն, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է հաղթանակով պսակվել մոտ ապագայում, ապա չի բացառվում, որ այսօր կազմված լավ դասագրքերը հաջորդ իշխանության կողմից հավանության կարժանանան ու կմտնեն դպրոց, կփոխարինեն դարն ապրածներին, կապահովեն որակյալ ու բարձրակարգ կրթություն։
Թաթուլ Մկրտչյան