Մայիսի 21-ին կկայանա ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023-24թ․ մրցաշրջանի վճռորոշ հանդիպումը։
Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցելու են չեմպիոնության հավակնորդներ «Փյունիկը» և «Նոան», որոնց միջև միավորների տարբերությունը 1 է։
Ինչպես հայտնել էինք, «Նոան» «Փյունիկին» առաջարկել էր փոփոխել հանդիպման վայրը։
«Փյունիկը» պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է «Նոայի» առաջարկին։ Ակումբի հայտարարության մեջ մասնավորապես գրված է․ «Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման 2023-2024 մրցաշրջանի կանոնակարգի 11․04-րդ կետի՝ առաջնությունների հաստատված խաղացանկում փոփոխություն կատարելու նպատակով տվյալ խաղի մասնակից ակումբը պետք է տվյալ խաղից նվազագույնը 7 օր առաջ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի քննարկմանը գրավոր ներկայացնի փոփոխության հստակ պատճառները և հիմքերը։ Խաղացանկը ներառում է ոչ միայն խաղի անցկացման ժամանակացույցը, այլ նաև վայրը։
Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ վերը նշված վերջնաժամկետը լրացել է և հանդիպմանը մնացել է 4 օր, «Փյունիկ» ՖԱ-ն գտնում է, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասությունից, ի նկատի առնելով, որ լրացել է իր կողմից նման հարցով դիմելու ժամկետը»:
Նշենք, որ հանդիպումը սեփական մարզադաշտում կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել «Ուրարտուն»։
Այսպիսով, «Փյունիկ» - «Նոա» վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 21-ին՝ ժամը 17։00-ին։