Վրաստանի նախագահը վետոյի ենթարկեց «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը, որի դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերը երկրում չեն մարում։
Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է՝ վիճահարույց օրենքն «իր էությամբ և ոգով ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին, հետևաբար այն խոչընդոտ է մեր եվրոպական ճանապարհին»։
Վրաստանի նախագահը վերստին պնդել է՝ իշխող ուժը պետք է չեղարկի օրենքը։
Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։